Այսօր ArmLur.am-ի թղթակիցը «Զվարթնոց» օդանավակայանից հայտնում է, որ «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի տարածքում այս պահին քանդման և շինարարական աշխատանքներ են իրականացվում: Մեր թղթակիցը օդանավակայանի աշխատակիցներից տեղեկացավ, որ ապամոնտաժման աշխատանքներն արդեն մի քանի օր է, ինչ իրականացվում են:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում փոխանցեց, որ ապամոնտաժվում է միայն հին շենքի էստակադան:
Հիշեցնենք, որ դեռևս 2013 թվականին «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին (կլոր) մասնաշենքը քանդելու առաջարկությամբ: Երևանի քաղաքապետարանին կից քաղաքաշինական խորհուրդը միաձայն մերժել էր դիմումը:
Օդանավակայանի կառավարիչը հին մասնաշենքը քանդելու մտադրությունը բացատրել էր նրանով, որ կառույցի պահպանումը և վերականգնումը լուրջ ծախսեր է պահանջում: Բացի այդ, ընկերության կողմից մշակված «Զվարթնոց» օդանավակայանի զարգացման ծրագրով հին մասնաշենքի տարածքում այլ կառույց է նախատեսվում: Արդեն անցած տարեվերջին Երևանի քաղաքապետարանը օդանավակայանի կլոր մասնաշենքը մասնակի ապամոնտաժելու թույլտվություն էր տրամադրել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությանը և քաղաքապետարանի խոսքով, ընկերությունը պետք է իրականացնի «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման և հին համալիրի վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի մշակում: