Այսօրվանից սկսվում է հոկտեմբերի 2-ին Գյումրիում եւ Վանաձորում կայանալիք ավագանու անդամի ընտրություններում թեկնածուների առաջադրման գործընթացը: Թեկնածուների առաջադրումը կավարտվի օգոստոսի 28-ին՝ ժամը 18.00-ին, որից հետո պարզ կդառնա, թե որ քաղաքական ուժերն են որոշել Հայաստանի երկրորդ եւ երրորդ քաղաքների համար պայքարել:
Հիշեցնենք, որ Գյումրին եւ Վանաձորը առաջին անգամ ոչ թե քաղաքապետ, այլ ընդլայնված լիազորություններով կուսակցական առաջադրմամբ ավագանի են ընտրելու, որն էլ իր կազմից քաղաքապետ կընտրի: Առաջիկա ընտրությունների որակից եւ արդյունքներից է կախված, թե Գյումրին եւ Վանաձորը առաջիկա հինգ տարիներին ինչպես կզարգանան: Հասկանալի է, որ վերջին տարիների բոլոր համապետական ընտրություններում ընդդիմության օգտին քվեարկած Գյումրին եւ Վանաձորը փոփոխություններ են պահանջում: Եթե այս քաղաքների բնակչությանը հաջողվի իրենց տեղական իշխանությունների, հետեւաբար նաեւ ապագայի նկատմամբ վերաբերմունքը փոխել, ապա դա կարող է ողջ հանրապետության համար օրինակ դառնալ: