Խորհրդակցություն ԱԻՆ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։
Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում իրականացված միջոցառումների և կատարված հանձնարարականների մասին։
Անցյալ շաբաթ Արտակարգ իրավիճակների նախարարությունում էր Լեհաստանի պետական հրդեհային ծառայության պատվիրակությունը: Լեհ մասնագետների այցի հիմնական նպատակն էր գնահատել ԱԻՆ փրկարար ծառայության կարողությունները` անձնակազմի պատրաստվածություն, տեխնիկական հագեցվածություն, ուսուցման ու վարժանքներ կազմակերպելու հնարավորություններ, և ներկայացնել առաջարկություններ՝ հայկական թիմերը ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) որակավորման գործընթացին նախապատրաստելու համար:
Նախարար Երիցյանը հանձնարարեց ուսումնասիրել և ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում հավաքագրել հանրապետությունում առկա բազմաբնակարան շենքերի քանակի, դրանց վթարայնության աստիճանի, բնակչության թվաքանակի մասին ամբողջական տեղեկատվությունը։
Ա. Երիցյանը դրական գնահատեց անցյալ շաբաթ Սևանա լճում որոնողափրկարարական աշխատանքներ կատարած ջրափրկարարների աշխատանքը և հանձնարարեց խրախուսման ներկայացնել աչքի ընկած աշխատակիցներին։
ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հանձնարարությամբ այսուհետ նախարարության ամենշաբաթյա խորհրդակցություններին կմասնակցեն նաև ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի լավագույն ուսանողները։
Խորհրդակցության ընթացքում նախարար Երիցյանն ԱԻՆ համակարգում երկարամյա անբասիր ծառայության համար ԱԻՆ պատվոգրով պարգևատրեց փ/ծ գնդապետ Արա Սամվելյանին։




Լրահոս