Թուրքիան հաուբից հրանոթներով կրակ է բացել «Իսլամական պետության» հենակետերի ուղղությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի զինված ուժերը հաուբից հրանոթներով կրակ են բացել Սիրիայի Ջերաբլուս քաղաքում գտնվող «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության հենակետերի ուղղությամբ: Ըստ գերմանական «Deutsche Welle» լրատվական կայքի թուրքական ծառայության` թուրքական ուժերը հրետանակոծել են նաև Սիրիայի Մենբիչ քաղաքում գտնվող Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ուժերի զինպահեստները:

Աղբյուրը որևէ տեղեկություն չի հայտնում ԺՄԿ-ի և ԻՊ-ի կորուստների մասին:

Թուրքական ուժերի Ջերաբլուսում և Մենբիչում իրականացրած հարվածների մասին «Reuters» հետ խոսել է մի թուրք պաշտոնյա, ում անունը թուրքական աղբյուրը չի հրապարակում:

Նա մասնավորապես ասել է, որ Ջերաբլուսում նշյալ հարվածները նպատակ ունեն միջանցք բացել`այնտեղ տեղի ունենալիք օպերացիայի համար, որը կրկին ուղղված է լինելու ԻՊ-ի դեմ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչակական գործողությունից հետո, արտգործանախարար Մևլութ Չավուշղօղլուն հայտարարել էր, որ թուրք-սիրական սահմանը պետք է մաքրվի ԻՊ-զինյալներից:




Լրահոս