Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ապօրինի շինարարության և հողազավթման դեպքերի հայտնաբերման մասով քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է 4 դեպք: 3 հասցեներում կատարվել են ինքնակամ շինարարության հետևանքների վերացման աշխատանքներ:
Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների մասով էլ առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 15 արձանագրություն: Նշված ժամանակահատվածում ապամոնտաժվել է չգործող 1 կրպակ: Հաշվի առնելով ապօրինի առևտրի սեզոնային ակտիվացումը՝ հանձնարարվել է համագործակցել ոստիկանության հետ և առավել ուժեղացնել հսկողությունը:
Չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է համապատասխանաբար 11 և 39 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է շարունակել հսկողությունը և «Սանիթեք» ընկերության հետ համատեղ ստեղծել աշխատանքային խումբ՝ չսահմանված վայրերում աղբը թափելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու մասին հանրությանը պարբերաբար իրազեկելու նպատակով:
Քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ Երևանի քաղաքապետի հանձնարարականով մայրաքաղաքի հակահրդեհային բոլոր հիդրանտների կարգաբերման ուղղությամբ իրականացված աշխատանքների շրջանակում վերագործարկվել է 381 հիդրանտ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է բազմաբնակարան շենքերի, ինչպես նաև քաղաքաշինական խոշոր օբյեկտների կառուցման շինթույլտվությունների տրամադրման պարտադիր պայմանների մեջ ներառել նաև հրշեջ հիդրանտների առկայության պահանջը: Հանձնարարվել է նաև այդ ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը պահել մշտական հսկողության տակ:
Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ընթացքի մեջ են 2016 թվականի ծրագրով նախատեսված կենտրոնական և բակային տարածքների փոսալցման, փոսային նորոգման և ճաքալցման աշխատանքները:
Թեքահարթակների կառուցման աշխատանքների ընթացքի մասին էլ զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարանի 2016 թվականի ծրագրով մայրաքաղաքում նախատեսված է կառուցել փողոցների հետիոտնային անցումների շուրջ 220 թեքահարթակ: Պատասխանատուներին հանձնարարվել է խստորեն վերահսկել քաղաքաշինական փաստաթղթերով սահմանված նորմերին համապատասխան թեքահարթակների կառուցման պարտադիր պահանջի կատարումը և ավարտական ակտերը տրամադրել միայն դրանց առկայության պարագայում:
Տրվել է նաև հանձնարարական համագործակցել շահառու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և արդեն իսկ գույքագրել այն հասցեները, որտեղ անհրաժեշտ է կառուցել կամ նորոգել առկա թեքահարթակները՝ տվյալ աշխատանքները 2017 թվականի ծրագրերում ներառելու նպատակով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն