Հանրապետական լինելը Գյումրիում ոչ թե «հպարտություն է», այլ լրջագույն խոչընդոտ հաղթանակի ճանապարհին. «Բալասանյան սթայլը» հարցի ճիշտ լուծման տարբերա՞կ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիի առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է 10 կուսակցություն եւ 1 դաշինք՝ ընդհանուր թվով 422 թեկնածու: Մրցակցությունը ծավալվելու է հետեւյալ ուժերի միջեւ. ԳԱԼԱ՝ Վահան Խաչատրյանի, «Քաղաքացիական պայմանագիր»՝ Արթուր Համբարձումյանի, ԲՀԿ՝ Վարդեւան Գրիգորյանի, ՀՅԴ՝ Աշոտ Կուրղինյանի, «Ալյանս»՝ Արմեն Բադալյանի գլխավորությամբ, «Գյումրեցու ոգին»՝ Արմեն Ներսիսյանի, «Հայկական վերածնունդ»՝ Հովհաննես Մարգարյանի, ՀԱԿ՝ Եպրաքսիա Սիմոնյանի գլխավորությամբ, «Գործարար» կուսակցություն՝ Գեղամ Բաղդասարյանի եւ «Համախմբում»՝ Հովհաննես Ասոյանի գլխավորությամբ:

Գյումրու առաջկա ՏԻՄ ընտրությունների ամենաուշագրավ առաջադրումը գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին սատարող ՀՀԿ-ՔԴՄ դաշինքինն է եւ ամենեւին ոչ այն պատճառով, որ այս դաշինքը ներկայացրել է սահմանված առավելագույն թվով՝ 99 հոգանոց ցուցակ: Ուշագրավն այստեղ այն է, որ իշխող Հանրապետական կուսակցության եւ ենթահանրապետական Խոսրով Հարությունյանի մարդ-կուսակցության՝ ՔԴՄ-ի միավորումը ներկայանում է «Բալասանյան» դաշինքի ներքո:
Սա իսկապես արտառոց, կարելի է ասել՝ ինքնախոստովանական քայլ է, որով Հանրապետականը հրապարակավ ընդունում է, որ «Հանրապետական» քաղաքական բրենդի ներքո հնարավոր չէ հաղթել: Իհարկե, Գումրիի դեպքում սա ամենեւին էլ նորություն չէր. այստեղ դեռ 2013-ին գյումրեցիներն իրենց քվեարկությամբ մատների համապատասխան կոմբինացիա ցույց տվեցին՝ Սերժ Սարգսյանի՝ «ինչքան ասես՝ խփենք»-ին ի պատասխան, ինչը կրկնվեց նաեւ անցած դեկտեմբերին՝ սահմանադրական հանրաքվեի ընթացքում: Եւ հիմա, փաստորեն, ՀՀԿ-ում վերջնականապես հասկացել են, որ Հանրապետական լինելը, առնվազն Գյումրիում, ոչ թե «հպարտություն է», ինչպես հայտարարում էր Սերժ Սարգսյանը, այլ լրջագույն խոչընդոտ հաղթանակի ճանապարհին: Բայց, դե, մի տեսակ անհարմար կստացվեր, եթե ՀՀԿ-ն իր կուսակցական ցուցակը կոչեր Բալասանյանի անունով, որն անգամ ՀՀԿ անդամ էլ չէ: /Ի դեպ, այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչու էր ժամանակին մերժվել Բալասանյանի՝ ՀՀԿ-ին անդամագրվելու դիմումը/: Ահա, հենց այստեղ էլ պետք է եկել Խոսրով Հարությունյանի ՔԴՄ-ն, որն այդ անհարմարությունը մի տեսակ տարրալուծում է:

Մյուս կողմից էլ, իհարկե, Բալասանյանի համար էր խիստ անհարմար լինելու հանդես գալ այս անգամ էլ ՀՀԿ-ի անվան ներքո: Ի վերջո, այդ մարդու ճակատը հո գրատախտակ չէ, որ անընդհատ նոր անուններ գրվեն ու ջնջվեն: ՕԵԿ-ից հետո ԲՀԿ գրվեց նրա ճակատին, հիմա էլ ՀՀԿ-ՔԴՄ պիտի գրվեր… եւ Բալասանյան դաշինքը, թվում է, գտնված գաղափար է: Սակայն այդպես միայն թվում է: Ի վերջո, Գյումրիում բոլորը բոլորին շատ լավ ճանաչում են՝ սկսած իրական անուն-ազգանունից, ավարտած քաղաքականով: Եւ նման պարզունակ հնարքներով, ինչպես անվանափոխությունն է, ոչնչի հասնել հնարավոր չէ: Նախկին ՕԵԿ-ը՝ դրա լավագույն ապացույց:




Լրահոս