Սեպտեմբերի 18-ին եւ հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից առաջ արդեն իսկ սկսվել են գործընթացներ, որոնք ցույց են տալիս, որ Հայաստանում տարիներ ի վեր արմատավորված ընտրապայքարի կեղտոտ, անբարո տեխնոլոգիաները չեն փոխվել: Դրանցից, բնականաբար, առաջնահերթ եւ համատարած օգտվում են իշխանությունները, թեեւ երբեմն լինում են բացառություններ նաեւ ոչ իշխանական դաշտում:
Նախօրեին հայտնի դարձավ, որ Արարատի մարզի Մասիսի քաղաքապետի ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրած թեկնածուն՝ Կարապետ Օհանյանը, որը նաեւ ԲՀԿ տարածքային խորհրդի նախագահն էր, անսպասելիորեն ինքնաբացարկ է հայտնել:
ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այդ կապակցությամբ հայտարարեց, որ իրենց արդեն նախկին կուսակցին /նրան նույն օրը հեռացրին ԲՀԿ-ից/ գնել են, նա մինչ այդ 10 ժամով անհետացել է, ապա վերադառնալով՝ հայտնել, որ հրաժարվում է ընտրությունների մասնակցությունից, քանի որ թե՛ իրեն, թե՛ իր որդիներին բարձր պաշտոններ են խոստացվել իր մրցակցի՝ ՀՀԿ թեկնածու Դավիթ Համբարձումյանի կողմից:
Նշենք, որ Կ. Օհանյանը դա ասել է ոչ հրապարակային, իսկ, ահա, հրապարակավ նա հավաստիացնում է, որ իր նկատմամբ որեւէ ճնշում չի եղել, եւ ինքը հրաժարվել է ընտրապայքարից իր շանսերի փոքր լինելու պատճառով: Այսպիսով՝ ստացվում է, որ ֆորմալ առումով իշխանություններին մեղադրելու հիմքեր չկան: Նմանօրինակ կերպով «գնվող» թեկնածուների կուսակիցները բողոքում են, որ իշխանությունն իր ունեցած հսկայական ռեսուրսներով կարող է գնել ցանկացած ընդդիմադիր թեկնածուի, եւ իրենք անզոր են լինելու դրա դեմ պայքարել:
Սա, իհարկե, շատ լուրջ խնդիր է: Սակայն մյուս կողմից էլ ոչ պակաս խնդիր է այն, որ մեր ընդդիմադիր դաշտում այդքան շատ են «գնվողները»: Ի դեպ, իշխանական գործիչները բողոքող ընդդիմադիրներին հակադարձում են՝ ասելով՝ իսկ դուք մի գնվեք: Սա, իհարկե, շատ ցինիկ մոտեցում է, սական միեւնույն ժամանակ ինչ-որ տեղ նաեւ՝ արդարացի:
Ի վերջո, եթե որեւէ քաղաքական ուժ ընդդիմադիր հարթակներից հանդես է գալիս «փրկչի» կերպարով եւ ժողովրդից քվե խնդրում՝ խոստանալով իշխանության գալու դեպքում երկիրն ազատել այս կեղեքիչ «ռեժիմից», ապա այդ ուժը պարտավոր է իր շարքերը նախ մաքրել բոլոր «գնվողներից» եւ «հաճախորդներից»: Այլապես այդ ուժը նախ՝ երբեք չի կարողանա հաղթել իշխանությանը, ապա եւ՝ եթե մի հրաշքով հաղթի, շատ արագ կվերածվի ավելի վատ ռեժիմի՝ իր շարքերում առկա «գնվողների» ախորժակի բավարարման համար իշխանական լծակների օգտագործման արդյունքում:
Այնպես որ, քանի կան «հաճախորդներ», կլինեն նաեւ գնորդներ, եւ ընդհակառակը: Փակ շղթա է, որից արդեն 20 տարի է՝ ոչ մի կերպ չենք կարողանում դուրս գալ: