ՀԱՐՑ․Ես ուզում եմ իմանալ, թե ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել իրավաբանական անձի վերակազմավորման դեպքում:
Նարինե Հովհաննիսյան (39 տարեկան, հաշվապահ)
ՊԱՏԱՍԽԱՆ․Վերակազմավորվող իրավաբանական անձը ներկայացնում է պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.
Վերակազմավորման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձը ներկայացնում է`
-իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիր ժողովի արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ նախագահի եւ քարտուղարի կողմից: Օրենքով սահմանված դեպքում մեկ անձի կողմից իրավաբանական անձի հիմնադրման դեպքում ներկայացվում է հիմնադրի գրավոր որոշումը,
-ժողովի հաստատած էլեկտրոնային փաստաթղթի ձեւով կանոնադրությունը կամ կանոնադրության առնվազն երկու օրինակ թղթային կրիչի վրա,
-պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ,
-առանձին կազմակերպական-իրավական ձեւ ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ օրենքներով կամ այլ օրենքներով նախատեսված պետական գրանցման համար պարտադիր ներկայացման ենթակա այլ փաստաթղթեր,
-վերակազմավորվող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշումը,
-փոխանցման ակտը:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․Ավելացնենք, որ իրավաբանական անձի վերակազմակերպումը (միաձուլումը, միացումը, բաժանումը, առանձնացումը, վերակազմավորումը) կատարվում է նրա հիմնադիրների (մասնակիցների) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշման հիման վրա: