«Ժողովուրդ»-ը 2016 թ. օլիմպիական խաղերի ընթացքի եւ առաջացած հարցերի շուրջ զրուցեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի հետ:
-Պարո’ն Ղազարյան, անմխիթար վիճակում է գտնվում Գյումրիում հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը: Որտե՞ղ են ծախսվում պետբյուջեից փոխանցված գումարները:
-Ուրեմն կառավարության կողմից կա հաստատված ծրագիր, վերանորոգման հիմնանորոգման, մարզադպրոցների մասին է խոսքը, եւ 9 մարզադպրոց հանձնվել է, ընթացքի մեջ է: Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի հայտը ներկայացված է, եւ 2017 թվականին այդ շինարարությունը սկսվելու է:
-Ռիոյի օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի եզրափակիչ գոտեմարտի ժամանակ մրցավարական բացահայտ կողմնակալության պատճառով մեր մարզիկ զրկվեց ոսկե մեդալից: Ինչո՞ւ մեր պետությունը բողոք չի ներկայացնում կողմնակալ մրցավարների դեմ եւ չի պաշտպանում մեր մարզիկին:
-Ի՞նչ է նշանակում չի պաշտպանում:
-Ի՞նչ եք արել. մրցավարները ակնհայտ կողմնակալ վարք դրսեւորեցին:
-Այո՛, ես համամիտ եմ, ընդ որում, դա մեր աչքի առջեւ է եղել, գիտեք, յուրաքանչյուր ոլորտում լինում են անարդարություններ, սպորտում էլ է լինում: Ու չեմ ուզում նման կարծիք ստեղծվի, որ լինելով Ռիոյում՝ սպորտային ղեկավարությունը ոչ մի բան չարեց:
-Կոնկրետ ի՞նչ արեց:
-Ես չեմ կարող հիմա բացել բոլոր չակերտները եւ ասել, պետք չէ:
-Գոնե որոշակի բաներ ասեք, հասկանաք. ինչ-որ բան արվե՞լ է, թե՞ ընդամենը խոսում եք:
-Ձեզ ասեմ՝ ընդհանրապես, երբ որոշումը կայացվում է, յուրաքանչյուր մարզաձեւում հետ ուժ չունի, բացառվում է, որ օլիմպիական մեդալը ուրիշ մարզիկից վերցնեն եւ տան մեզ: Մենք կհասնենք նրան, որ որակազրկեն մրցավարներին եւ այլն, եւ այլն:
-Վստա՞հ եք, որ կհասնենք:
-Բնական է, ես կարծում եմ, որ կլինի, բայց դա ոսկին հետ չի բերի:
-Դա հասկանալի, գոնե հասնենք նրան, որ մրցավարները այսուհետ հաշվի նստեն մեզ հետ, եւ մեր մարզիկները պաշտպանված լինեն:
-Հայտարարում եմ՝ մեր մարզիկը պետության կողմից պաշտպանված անձ է, դա հավաստի ասում եմ:
-Գոնե հասկանանք՝ միջազգային այդ մրցավարների հարցով պատրաստվո՞ւմ եք ինչ-որ գործողություններ անել, թե՞ արդեն ուշացել եք:
-Այստեղ ուշացման հարցը չէ, բացարձակ: Գիտեք, օլիմպիական խաղերը ՀԱՕԿ-ի միջոցառումներն են, թիմը եկել է, շուտով խորհրդակցություն կարվի, եւ մեր քայլերը շատ հստակ կլինեն ու շատ կոշտ:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան