ՀԱՐՑ. Օտարերկրացուն կացության կարգավիճակ տալու գործընթացն ի՞նչ հիմքով կարող է մերժվել:
Լիլիթ Մելոյան (34 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ որպես ընդհանուր կանոն՝ օտարերկրացուն կացության կարգավիճակ տալը կարող է մերժվել, եթե՝
• նա արտաքսվել է ՀՀ տարածքից կամ նախկինում զրկվել է կացության կարգավիճակից (եւ եթե արտաքսման կամ կացության կարգավիճակից զրկելու մասին որոշումից անցել է 3 տարուց պակաս ժամկետ),
• նա դատապարտվել է ՀՀ-ում ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար,
• գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա ցանկանում է վնաս պատճառել ՀՀ պետական անվտանգությանը, սահմանադրական կարգին, թուլացնել պաշտպանունակությունը, իրականացնել ահաբեկչական գործունեություն, մարդկանց առեւտուր (թրաֆիքինգ) եւ այլն,
• նա տառապում է վարակիչ հիվանդությամբ, որը սպառնում է բնակչության առողջությանը,
• կացության կարգավիճակ ստանալու համար նա ներկայացրել է կեղծ տեղեկություններ կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր:
ՀՀ սփյուռքի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2012թ. 1-ին կիսամյակում ՀՀ-ում ժամանակավոր բնակություն հաստատած օտարերկրացիների թիվը կազմել է 1238 մարդ, իսկ մշտական բնակություն է հաստատել 438-ը:
2012թ. 2-րդ կիսամյակում ժամանակավոր բնակություն հաստատած օտարերկրացիների թիվը կազմել է 2223 մարդ, որոնցից հատուկ կարգավիճակ է ստացել 388-ը: Մինչդեռ 2013թ. 1-ին կիսամյակում ժամանակավոր բնակություն հաստատածների թիվը կազմել է ընդամենը 1137 անձ: