Աճեմյանցիները թատրոնի տնօրենի թեկնածուներին հորդորում են մի կողմ քաշվել և հույսեր են կապում նախարարի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կրքերը թեժ են: Թատրոնի անձնակազմն անհանգստացած է սեպտեմբերի 14-ին տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի կարգով եւ հայտ ներկայացրած թեկնածուների մասնագիտական որակներով: Դա էլ բավական չէ, Գյումրիում խոսակցություններ են շրջանառվում, թե ԱԺ հանրապետական պատգամավոր Արման Սահակյանը աջակցում է թեկնածուներից մեկին, եւ որ վերեւներում արդեն վճռել են, թե ով է լինելու թատրոնի հաջորդ տնօրենը:

Աճեմյանցիներին վրդովեցրել է նաեւ այն փաստը, որ մոտ մեկ ամիս առաջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում մշակույթի նախարարությունը հայտարարություն է հրապարակել իրենց թատրոն ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի կարգի վերաբերյալ, ըստ որի հայտ ներկայացնող անձի համար բավարար է ճանաչվում միայն նրա բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթը եւ կառավարման ոլորտում 3 կամ 5 տարվա աշխատանքային փորձը:

Մշակույթի նախարարությունից պարզաբանել են, որ թատրոնն ունի գեղարվեստական խորհուրդ, այդ պատճառով էլ նոր տնօրենի համար պարտադիր պայման չեն դիտարկել մասնագիտական կրթությունը:

Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նույն թատրոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանի հետ: Նա նախ շեշտեց` կոլեկտիվի համար ամենակարեւորն այն է, որ թատրոնի տնօրենը լինի ոլորտի հետ առնչություն ունեցող մեկը, որ նա աշխատած լինի թատրոնում, ծանոթ լինի թատրոնի կառավարման համակարգին: Այնինչ, նրա խոսքով, տնօրենի երկու թեկնածուներն էլ ոլորտից անտեղյակ մարդիկ են:

Նշենք, որ թափուր պաշտոնի համար հայտ ներկայացրած առաջին թեկնածուն «Ցայգ» հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Մինասյանն է, իսկ երկրորդ թեկնածուն Արաքսյա Կիրակոսյանն է, ով նախկինում եղել է նույն հեռուստաընկերության լրագրող, ապա որոշ ժամանակ Շիրակի մարզպետարանում զբաղեցրել է լրատվության գծով խորհրդականի պաշտոնը:

«Թույլ տվեք ողջ կոլեկտիվի անունից չհամաձայնել այն մտայնության հետ, թե տնօրենը զբաղվում է միայն թատրոնի մենեջմենթով եւ վարչատնտեսական աշխատանքներով: Չէ՞ որ տնօրենն իրավասու է նշանակել եւ աշխատանքից ազատել գլխավոր ռեժիսորին. միայն սա բավական է, որ նա իր մասնակցությունն ունենա ստեղծագործական հարցերում: Այսինքն` տնօրենն է որոշում` գլխավոր ռեժիսորը համապատասխանում է թատրոնի գեղագիտական մտածողությանը, թե ոչ: Ուրեմն նա չի կարող ոլորտից անտեղյակ մարդ լինել»,- ընդգծեց Տ. Վիրաբյանը` հավելելով, որ մրցույթին մասնակցող թեկնածուներից որեւէ մեկի հետ թատրոնի անձնակազմի անդամներն անձնական բնույթի խնդիրներ չունեն:

Նա նաեւ նկատեց, որ մրցույթը բոլորին հավասար մասնակցային եւ մրցակցային պայմաններ չի ընձեռում. «Մրցույթի մասին հայտարարությունը տպագրվել է միայն «Հայաստանի Հանրապետություն» թերթում, այնինչ, ըստ օրենքի, այն պետք է տարածվեր 3000 տպաքանակ ունեցող թերթով եւ զանգվածային լրատվական այլ միջոցներով: Այդ այլ միջոցներում մենք հայտարարության չենք հանդիպել: Մեր թատրոնի 130 հոգանոց հանրույթից ոչ ոք, անգամ ներկայիս տնօրենը չի իմացել հայտարարված մրցույթի մասին: Ուզում ենք հավատալ, որ սա սխալմունք է, եւ նախարարը հետեւողական կլինի այն շտկելու հարցում»:

Մենք հարցրինք` արդյոք թատրոնի անձնակազմն ունի իր նախընտրելի թեկնածուն, ադյոք կա մեկը, ում թեկնածությունը կցանկանան առաջադրել. «Ոչ, թատրոնը թեկնածու չունի: 7 տարի առաջ, երբ թատրոնում կրկին տնօրենի ընտրություն էր, այդ ժամանակ էլ մենք թեկնածու չունեինք: Եվ երբ առաջադրվեցին անուններ, մենք մեր ձայնը տվեցինք Գեւորգ Խաչատրյանին, որը թատրոնում անցել էր բեմի բանվորից մինչեւ բարձրակարգ դերասան դառնալու ուղին: Ի դեպ, ասեմ, որ նա նույնպես հանրապետական էր: Սա ապացուցում է այն, որ թատրոնը որեւէ կուսակցության հետ խնդիր չունի, եւ խնդիրը զուտ ստեղծագործական բնույթ է կրում»,-պատասխանեց պրոդյուսերը:
Նրա խոսքով` թատրոնն անելու է ամեն ինչ, որ ստեղծված իրավիճակը ստեղծագործական մթնոլորտի վրա բացասական ազդեցություն չունենա, եւ որ կրքերը օր առաջ հանդարտվեն. «Մենք թեկնածուներին հորդորել ենք դուրս գալ այս պատմությունից` մնալով թատրոնի լավ բարեկամը, հորդորել ենք` թողնեն անցկացվի նոր մրցույթ, դրա անցկացումը դարձնել առավել հանրային: Գուցե այդ դեպքում գտնենք այն ղեկավարին, որին ուզում ենք տեսնել թատրոնում»,-եզրափակեց պրոդյուսերը:

«Ժողովուրդ»-ը կապ հաստատեց նաեւ Մարգարիտա Մինասյանի հետ, ով խոստացավ լայնածավալ տեղեկատվություն տրամադրել միայն սեպտեմբերի 15-ից հետո:

Մենք առաջիկայում կներկայացնենք նաեւ ՀՀ մշակույթի նախարարության մեկնաբանությունը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս