Ինչ տվեցին Հովիկ Աբրահամյանի վարչապետության տարիները և ինչ է տանում իր հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ պաշտոնապես հաստատվեց. Հովիկ Աբրահամյանը երկուսուկես տարի անց հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից: Իսկ երբ և ինչպես էր նա վարչապետ նշանակվել և ինչպիսի ուղի է անցել:

Նա Հայաստանում բոլոր հնարավոր բարձր պաշտոնները զբաղեցրել է. քաղաքապետ, մարզպետ, նախարար, համակարգող նախարար, փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի ղեկավար, ԱԺ նախագահ, վարչապետ: Նույնիսկ մի քանի ժամ հասցրեց համատեղել ԱԺ նախագահի և վարչապետի պաշտոնները:

Հովիկ Աբրահամյանը վարչապետ նշանակվեց 2014 թվականի ապրիլի 15-ին`  Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո և խոստացել էր հավասար պայմաններ ստեղծել գործարարների համար:

«Մեր մերձավորներին փորձելու ենք ցավեցնել, նեղացնել, բայց մենք գնալու ենք այդ քայլին, այլընտրանք չունենք», – իր հարցազրույցներից մեկում նշել էր նա:

Սակայն 2.5 տարի հետո ինչ է թողնում վարչապետը. Հովիկ Աբրահամյանի կառավարության օրոք նվազել է տնտեսական աճը, խոստացված 7 տոկոսը աճը ոչ միայն չի ապահովվել, 1-2 տոկոս թերակատարվել է պետական բյուջեն, պետական պարտքը հատել է 5 մլրդ-ի շեմը, կրճատվել է ներմուծումը, աճել է գործազրկության մակարդակը:  Իսկ այժմ մի քանի փաստեր թվերի տեսքով.

ՀՆԱ- 2014- 11.1 մլրդ դոլար

2015- 10.5 մլրդ դոլար

Գործազրկության մակարդակ – 2014-17.6 տոկոս

2015- 18.5 տոկոս

Տնտեսական աճ- 2014թ. – 3.5 տոկոս

2015 թվական – 3 տոկոս:

Ուսումնասիրելով նրա ներկայացրած գույքի և ունեցվածքի մասին հայտարարագրերը, կարելի է կարծել, թե Հայաստանի Հանրապետության վարչապետը բիզնեսով չի զբաղվում, չնայած նա եւ իր կինը ունեն բավականին մեծ կարողություն:  2012թ., երբ Հովիկ Աբրահամյանը պատգամավորության թեկնածու էր, հայտարարագրել էր երեք բնակարան և ավտոտնակ: Նույն տվյալները նա ներկայացրել էր նաև 2014-ին, երբ ստանձնում էր վարչապետի պաշտոնը:

Սակայն նրա և նրա ընտանիքի ունեցվածքի և բիզնեսների մասին հրապարակումներն ու տվյալները բազմաթիվ են եղել: 2014թվականի մայիսի 21-ին, երբ Ազգային ժողովում քննարկվում էր կառավարության նոր ծրագիրը, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նորանշանակ վարչապետից հետաքրքրվեց, թե ինչպես է հարստացել, եթե բիզնեսով չի զբաղվել: Ի պատասխան Աբրահամյանը նշեց. «Ինչ վերաբերում է իմ ունեցվածքին, ես երբեք չեմ թաքցրել, որ ունեմ ունեցվածք, մանրամասն օրենքի տառին համահունչ ես ներկայացրել եմ։ Աշխատել եմ այն տարիներին, երբ հողագործությամբ եմ զբաղվել, այն ժամանակ, երբ թույլատրվում էր։ Իմ պաշտոնների ընթացքում, երբ եղել եմ կառավարությունում, Ազգային ժողովի նախագահ, չեմ վաստակել ունեցվածք, ոչ էլ կոռուպցիայի արդյունքում եմ վաստակել իմ ունեցվածքը»:

Ըստ 2015 թվականի հայտարարագրի, նրա դրամական միջոցները կազմում են 180 մլն դրամ և 1 մլն 600 հազար դոլար:  Իսկ նրա կինը`  Ջուլիետա Աբրահամյանը հայտարարագրել է 210 մլն դրամ և 2 մլն 670 հազար դոլար:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս