ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` հնարավո՞ր է օտարերկրյա պետական կամ հավատարմագրված ոչ պետական բուհերից ուսանողները տեղափոխվեն հայաստանյան բուհեր: Եթե այո, խնդրում եմ մի փոքր մանրամասն ներկայացնել կարգը:
Սվետլաննա Մխոյան (48 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Մխոյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ օտարերկրյա պետական եւ ըստ մասնագիտությունների հավատարմագրված ոչ պետական բուհից ՀՀ բուհ ուսանողի տեղափոխությունն իրականացվում է վճարովի ուսուցման սկզբունքով:
Օտարերկրյա բուհ միջպետական համաձայնագրերով ուսման գործուղված եւ առողջական վիճակի կամ ուսման գործընթացը խոչընդոտող այլ անհաղթահարելի հանգամանքների պատճառով ՀՀ վերադարձող ուսանողները, ընդունող բուհի ռեկտորի առաջարկությամբ եւ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության համաձայնությամբ ուսուցումը կարող են շարունակել անվճար սկզբունքով:
Ընդունող բուհը դրական կարծիքի դեպքում նախարարություն է ներկայացնում ուսանողի ակադեմիական տեղեկանքը: Տեղափոխության մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարը՝ համապատասխան օտարերկրյա բուհից գրավոր հարցման դրական պատասխան ստանալուց հետո:
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ 2014/2015 թվականների ուսումնական տարում Հայաստանի պետական եւ մասնավոր բուհերի բակալավրիատի ուսանողների թիվը կազմել է 79 հազար 623: Համեմատության համար նշենք, որ անցած՝ 2013/2014 թվականների ուսումնական տարում բակալավրիատի ուսանողների թիվը եղել է 85 հազար 922: Այսինքն՝ մեկ տարում ուսանողների թիվը նվազել է 6 հազար 299-ով: