Նախարարները՝ սթրեսի մեջ. ինչ ճակատագիր է սպասվում նրանց (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին  ՀՀ գրեթե բոլոր նախարարները սրտատրոփ սպասում էին, թե ինչ է լինելու իրենց ճակատագիրը։ Նույնիսկ շատերը բռերով հանգստացնող դեղեր էին խմում՝ սթրեսը հաղթահարելու համար։ Սերժ Սարգսյանն էլ մինչեւ վերջին պահը ինտրիգը պահում էր՝ պաշտոնյաներին չհայտնելով իրենց ճակատագրի մանրամասները։

Իշխանական շրջանակներից ստացվող լուրերի համաձայն՝ Կարեն Կարապետյանը վարչապետ է նշանակվելու լայն լիազորություններով: Նրան փաստացի իրավունք է տրվելու ինքնուրույն ընտրել իր գլխավորած կառավարության կազմին` մի քանի բացառություններով: Բացառություններից երկուսը արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների պորտֆելներն են: Վերջիններիս նշանակելու է Սերժ Սարգսյանը

Այս պահին շրջանառվող լուրերի համաձայն՝ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նոր կառավարությունում տեղ չի զբաղեցնի եւ առաջիկայում կվերադառնա իր նախկին` Ֆրանսիայում ՀՀ դեսպանի պաշտոնին: Ըստ լուրերի` ՀՀ արտաքին գործերի նոր նախարար կնշանակվի Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

edvard nalbandyan

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւս, ըստ լուրերի, չի վերանշանակվի իր պաշտոնում: ՀՀ պաշտպանության նոր նախարարի ամենահավանական հավակնորդը համարվում է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը:

seryan-ohanyan

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի անունը եւս շրջանառվում է որպես «գնացողի»:

gagik-xachatryan3

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը եւս, ամենայն հավանականությամբ, նոր կառավարությունում տեղ չի զբաղեցնի:

gagik beglaryan

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի դեպքում եւս չար լեզուները կանխատեսում են, որ նախարարական կարիերան ավարտված է:

sergo-karapetyan

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը կշարունակի պաշտոնավարել, քանի որ ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիան պահպանվելու է:

arcvik-minasyan

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանի ճակատագիրը եւս անորոշ է: Չնայած նա համարվում է Սերժ Սարգսյանի մերձավոր անձանցից մեկը, բայց կասկածներ կան, որ նոր վարչապետը հնարավոր է՝ ցանկանա, որ այդ պատասխանատու պաշտոնում ավելի բանիմաց անձ նշանակվի:

levon-yolyan

ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն առնվազն իր նախարարական պորտֆելը կպահպանի: Նրա պորտֆելը ՀՀ կառավարության ամենաանշուք եւ իրենից ոչինչ չներկայացնող պաշտոններից է:

vache gabrielyan

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն իր պաշտոնը պահպանելու շատ փոքր շանսեր ունի: Եթե նրա բախտը չբերի, եւ մինչեւ իր նշանակումը Կարեն Կարապետյանը ցանկանա իր հետ մոտիկից ծանոթանալ, ապա նոր վարչապետը դժվար թե ցանկանա նրան իր կառավարությունում տեսնել: Կարապետյանը, այսպես կոչված, «դրայվ» սիրող կառավարիչ է, իսկ Ասատրյանը հայտնի է իր անհաղորդ դինջ բնավորությամբ:

artem asatryan

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ճակատագիրը եւս անորոշ է եւ առավելապես կախված է կաթողիկոս Գարեգին Բ-ի ցանկությունից: Մյուս կողմից, ակնհայտ է, որ Մուրադյանը եւ Կարապետյանը կարող են շատ շուտ լեզու գտնել, նրանք ոճային առումով նմանություն ունեն։

armen-muradyan

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նույնպես տեղ կզբաղեցնի նոր կառավարության կազմում:

loqyan

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը եւս կպահպանի իր պաշտոնը:

levon mkrtchyan

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի ճակատագիրը առավելապես կախված կլինի նրանից, թե նրա պաշտոնին որքան շատ հավակնորդներ կլինեն եւ ինչպիսի համառություն կդրսեւորեն: Հիշեցնենք, որ նրա նախարար դառնալու գործում առանցքային դերակատարություն է ունեցել Հովիկ Աբրահամյանը:

arpine-hovhannisyan
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը թերեւս կպահպանի իր պաշտոնը, որովհետեւ ֆինանսական եւ իշխանական ազդեցության տեսանկյունից այն առանձնապես հետաքրքրություն չի ներկայացնում:

armen-ericyan
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի դեպքում եւս առավել հավանական է, որ նա կշարունակի պաշտոնավարել:

aramayis-grigoryan
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետագա ճակատագիրը որոշելու է Սերժ Սարգսյանի կինը` Ռիտա Սարգսյանը: Եթե Պողոսյանը վերջին օրերին չի հասցրել իր «ընկերուհու» հետ գժտվել, ապա նրա պաշտոնավարմանը ոչ մի վտանգ չի սպառնում:

hasmik-poxosyan
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի ճակատագիրն էլ որոշելու է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ռիոյում տեղի ունեցած օլիմպիական խաղերից հետո նրա դիրքերը բավականին ամրապնդվել են, եւ այդ պորտֆելը կրկին թողնվել է նրա տնօրինմանը, ինչպես նախկինում էր:

gabriel-xazaryan

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր պաշտոնը կկորցնի մի դեպքում, եթե նրա ղեկավարած նախարարությունն ընդհանրապես լուծարելու որոշում կկայացվի:

hranush hakobyan
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի ներկա կարգավիճակում եւս դժվար թե էական փոփոխություններ լինեն: Նա եւս, ամենայն հավանականությամբ, կշարունակի պաշտոնավարել:

narek-sargsyan
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս