ԼՂ հարցով ներկայումս սեղանին դրված փաստաթուղթը աղերս չունի Կազանյան տխրահռչակ փաստաթղթի հետ. Ուորլիքի հայտարարության ուշագրավ կետերը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով Մոսկվայում էր ՌԴ ԱԳՆ-ում ԼՂ հարցով խորհրդակցությունների նպատակով, նախօրեին հարցազրույց է տվել ռուսական պարբերականներից մեկին եւ մի քանի ուշագրավ հայտարարություններ արել: Նախ՝ կարգավորման նոր առաջարկների հետ կապված հարցին ի պատասխան՝ Ուորլիքը եւս մեկ անգամ վերահաստատել է, որ որեւէ նոր փաստաթուղթ դրված չէ սեղանին. «Անհրաժեշտ է հասկանալ, որ կարգավորման կառուցվածքը քննարկվել է արդեն երկար տարիներ: Կարգավորման առանձին պայմաններ կան, սակայն մեզ բոլորիս պակասում է ՀՀ-ի եւ Ադրբեջանի նախագահների քաղաքական կամքը՝ առաջ շարժվելու համար: Մենք Ս. Լավրովի հետ քննարկել ենք այդ պայմաններն ու խոսել այն մասին, թե ինչպես կառուցել այդ աշխատանքները»: Թե կոնկրետ ինչ պայմանների մասին է խոսքը, նա չի մասնավորեցրել, փոխարենն ընդգծել է, որ այս հարցում ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ ՌԴ-ը միակարծիք են: Պատասխանելով հարցին, թե որն է ԱՄՆ-ի համար կարգավորման իդեալական սցենարը, Ուորլիքն ասել է. «Նույնը, ինչպես ե՛ւ ռուսական, ե՛ւ ֆրանսիական կողմի համար»:

Այսպիսով՝ նշելով, որ կարգավորման կառուցվածքը քննարկված է վաղուց, եւ այս հարցում միջնորդների միջեւ որեւէ տարակարծություն չկա, Ուորլիքն, ըստ էության, արձանագրում է, որ այսպես կոչված «Լավրովյան պլանը» եթե անգամ եղել էլ է, ապա հիմա այլեւս սեղանին չէ:

Հաջորդ ուշագրավ հայտարարությունը վերաբերում է կարգավորման սկզբունքների կյանքի կոչմանը եւ դրա շրջանակներում ԼՂ հարակից ազատագրված տարածքների հանձնմանը: Ուորլիքն այստեղ բավականին հստակ եւ տարընթերցման տեղիք չթողնող ձեւակերպում է անում՝ ասելով. «Իհա՛րկե: Կարգավորումը ենթադրում է նաեի տարածքների մի մասի վերադարձ Ադրբեջանին՝ ԼՂ-ի կարգավիճակի փոխարեն: Դրանք կարգավորման պայմաններն են, սակայն ոչ միակը: Փախստականների վերադարձ, միջազգային խաղաղապահական ուժերի ներկայություն: Այդ ամենը խաղաղ կարգավորման պայմաններն են, եւ դրանք հայտնի են բոլորին»:

Ամերիկացի համանախագահի այս հայտարարությունը, փաստորեն, խոսում է այն մասին, որ ներկայումս սեղանին դրված փաստաթուղթը աղերս չունի Կազանյան տխրահռչակ փաստաթղթի հետ, այլապես Ուորլիքը դժվար թե օգտագործեր 1.«տարածքների մի մասը» արտահայտությունը, քանի որ ինչպես հայտնի է՝ Կազանյան փաստաթղթով հայկական կողմը պարտավորվում էր վերադարձնել ոչ թե տարածքների մի մասը, այլ ամբողջը՝ բոլոր 7 շրջանները. սկզբում 5-ը, ապա մնացած 2-ը՝ բացի Լաչինի մի մասից, որը միջանցքի գործառույթ պիտի ունենար: 2. Այդ դեպքում Ուորլիքը չէր օգտագործի «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ» արտահայտությունը, քանի որ այդ նույն տխրահռչակ փաստաթղթով, ինչպես գիտենք, խոսքը «տարածքներ՝ միջանկյալ կարգավիճակի դիմաց» սկզբունքի մասին էր, որը էականորեն տարբերվում է «տարածքների մի մաս՝ ԼՂ կարգավիճակի /ոչ միջանկյալ/ դիմաց» սկզբունքից:




Լրահոս