ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչ է իրենից ներկայացնում բնականոն գնաճը: Խնդրում եմ մի փոքր մանրամասն ներկայացնել վերջինիս նշանակությունը:
Գայանե Հակոբյան (28 տարեկան, ուսանողուհի, տնտեսագետ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ բնականոն գնաճը այն ցուցանիշն է, որը զերծ է գների շոկային (կարճաժամկետ եւ կտրուկ) տատանումներ ունեցող ապրանքների եւ ծառայությունների գնաճից: Օգտվելով ԱՎԾ կողմից հաշվարկված գնաճի ցուցանիշի հիմքում ընկած տեղեկատվությունից եւ կիրառելով հաշվարկման նույն սկզբունքը՝ ԿԲ-ում յուրաքանչյուր ամիս հաշվարկվում է բնականոն գնաճի ցուցանիշը: Այն բացառում է շոկերի ազդեցությունը. օրինակ՝ մրգերի եւ բանջարեղենի գների կտրուկ աճը կամ նվազումը՝ պայմանավորված բնակլիմայական պայմաններով, կամ օրինակ՝ միջազգային շուկայում որեւէ ապրանքի գնի աճը կամ նվազումը, որը ՀՀ ներմուծման եւ ՀՀ-ում սպառման արդյունքում հանգեցնում է գնաճի կամ գնանկման:
Օրինակ՝ 2010թ. ընդհանուր գնաճը կազմել է 9.4%, իսկ բնականոն գնաճը՝ 6.3%: Տարբերությունը՝ 3.1 տոկոսային կետը պայմանավորված է եղել ինչպես բնակլիմայական անբարենպաստ պայմաններում գյուղատնտեսական արտադրանքի գների աճով, այնպես էլ պարենային ապրանքների միջազգային շուկաներում գների աճով, որը ներմուծվող ապրանքների գների միջոցով ազդեցություն է թողել ՀՀ գնաճի ցուցանիշի վրա:
Ստացվում է, որ ԿԲ կողմից հաշվարկվող բնականոն գնաճն ընդհանուր գնաճի այն մասն է, որը զերծ է առաջարկի շոկերից: Ներկայումս ԿԲ-ն նպատակադրում է ընդհանուր գնաճի 12-ամսյա ցուցանիշը, եւ հետեւում է բնականոն գնաճի ցուցանիշին՝ գնաճի վրա համախառն պահանջարկի զարգացումների ազդեցությունը գնահատելու նպատակով:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ 2015 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի 12-ամսյա գնաճը կազմել է 5.8 տոկոս՝ գտնվելով տատանումների ընդունելի միջակայքի վերին շեմի մոտ: