Ազգային ժողովն այսօր գաղտնի քվեարկությամբ կնշանակի ՀՀ գլխավոր դատախազին: Այդ պաշտոնում, ինչպես հայտնի է, առաջադրված է Արթուր Դավթյանի թեկնածությունը, ում վերջին երեք օրերին ամենատարբեր հարցեր էին ուղղում Աժ իշխանական եւ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները: Առավել սուր հարցերով աչքի ընկած ընդդիմադիր խմբակցություններն էին «Հայ ազգային կոնգրեսը» եւ «Բարգավաճ Հայաստանը»: Հատկապես ՀԱԿ ներկայացուցիչներն իրենց ելույթներում եւ հարցադրումներում, կարելի է ասել, քարը քարի վրա չթողեցին: Եվ նորմալ տրամաբանության շրջանակներում ակնկալվում էր, որ այս երկու խմբակցությունները պետք է որ այսօր դեմ քվեարկեին նոր գլխավոր դատախազի թեկնածությանը:
Սակայն որքան էլ զարմանալի է, թե՛ ՀԱԿ-ը, թե՛ ԲՀԿ-ն հայտարարեցին, որ իրենք չեն մասնակցելու գլխավոր դատախազի՝ այսօրվա քվեարկությանը: Եվ, ահա, այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ: Եթե այս խմբակցությունների ներկայացուցիչները (բացառությամբ ԲՀԿ-ից հեռացածների թեւի, որոնց կողմ լինելու մասին հայտնի է) Աժ ամբիոնից հանդես են գալիս ամպագոռգոռ հայտարարություններով, սուր քննադատություններով, ամբոխահաճ հայտարարություններով՝ անարգանքի սյունին գամելով գլխավոր դատախազության ինստիտուտը՝ իր նախկին եւ առաջիկա ղեկավարներով հանդերձ, այդ դեպքում ինչու իրենց այդ վերաբերմունքը չեն վավերացնում նաեւ քվեարկությամբ:
Ինչ է նշանակում՝ մենք դեմ ենք, բայց դեմ չենք քվեարկի: Փաստորեն, պատգամավորների՝ արեւմտահայերենից եկած ձեւակերպումը՝ երեսփոխան, շատ ավելի հիմնավոր է եւ ճշգրիտ: Եվ փաստորեն, երբեմն իրավացի են իշխանական պատգամավորները, որոնք պնդում են, որ ընդդիմադիր որոշ գործիչներ միկրոֆոնի մոտ մեկ մարդ են, առանց միկրոֆոնի՝ այլ:
Ընդ որում, նկատենք, որ կոնկրետ ՀՀ գլխավոր դատախազների ընտրության դեպքում միշտ էլ նման վարքագիծ են դրսեւորել Աժ ընդդիմադիր պատգամավորների մեծ մասը: Այդպես էր թե՛ Գեւորգ Կոստանյանի, թե՛ նրա նախորդի՝ Աղվան Հովսեփյանի ընտրությունների դեպքում:
Իրականում հասկանալի է, որ ապագա գլխավոր դատախազի հետ իրենց հարաբերությունները որեւէ պատգամավոր, անգամ արմատական ընդդիմադիր ներկայացող, չի ցանկանում փչացնել: Պատճառն էլ է միանգամայն պարզ. ազգընտիրների զավակները, մերձավորներն ու բարեկամները շատ հաճախ են հայտնվում այնպիսի իրավիճակներում, երբ կարեւոր է լինում դատախազության հետ «կոնտր գնացած չլինելու» հանգամանքը: Եվ ուստի, սա նկատի առնելով էլ, իրենց ընդդիմադիր հայտարարած խմբակցությունները գերադասում են «շառից փորձանքից» հեռու՝ չմասնակցել քվեարկությանը: Եվ հոգ չէ, որ դրանից նրանց՝ առանց այդ էլ գահավիժող վարկանիշն է՛լ ավելի արագ է ներքեւ սուրում: