Թուրքիայում օտարերկրյա ներդրողների համար ամենագրավիչ քաղաքներից մեկն Անթալիան է: Այս մասին հայտնում է թուրքական «Turkiyegazetesi» լրատվական կայքը՝ ներկայացնելով Անթալիայի առևտրաարդյունաբերական պալատի հրապարակած տվյալները, գրում է Ermenihaber-ը:
Ըստ այդմ՝ Անթալիայում գործում է 3.200 օտարերկրյա կապիտալով ընկերություն: Այս ցուցանիշով Անթալիան երկրորդն է Ստամբուլից հետո: Ընդ որում ամենաշատ ներդրումները կատարում են Ռուսաստանը և Գերմանիան: Նրանց բաժին են ընկնում համապատասխանաբար 493 և 438 ընկերություն: Նրանց նախորդում է Հոլանդիան, որն Անթալիայում հիմնել է 185 ընկերություն, այնուհետև Սաուդիան Արաբիան՝ 164 ընկերություն:
Ադրբեջանական կապիտալով ընկերությունների թիվը հասնում է 142-ի, անգլիական ընկերությունները 137-ն են, ֆրանսիականը՝ 135: Իրանը հիմնել է 120, իսկ Ղազախստանը 113 ընկերություն: Բացի վերոնշյալ երկրներից Անթալիայում գործում են նաև ուկրաինական, ամերիկյան, իտալական, չինական և այլ երկրների ընկերություններ:
Անթալիայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Դավութ Չեթինը հայտնել է, որ վերջին 1 տարվա ընթացքում Անթալիայում հիմնվել է 316 արտասահմանյան ընկերություն, 202-ը՝ փակվել է:
Ըստ Չեթինի՝ ներդրումներն ընգրկում են տնտեսության տարբեր ոլորտները:
«Զբոսաշրջության և գյուղատնտեսական ոլորտից բացի արտասահմանյան ընկերությունները կան նաև արդյունաբերության ոլորտում: Վերջին տարիներին շատ օտարերկրյա կազմակերպություններ են մուտք գործել հանքաարդյունաբերության ոլորտ: Ուշագրավ է նաև շնարարության ոլորտում ներդրումների աճը»: