Օրերս Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի անձնակազմը ոտքի էր կանգնել, ինչպես իրենք էին ասում, կառույցը փրկելու նպատակով: Անձնակազմի անդամներն իրենց դժգոհությունը հայտնեցին տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվելիք մրցույթի կարգի եւ հայտ ներկայացրած թեկնածուների մասնագիտական որակի վերաբերյալ: Բացի այդ` Գյումրիում շրջանառվում էր ԱԺ հանրապետական պատգամավոր Արման Սահակյանի անունը. ըստ որոշ ասեկոսեների` նա աջակցելու էր թեկնածուներից մեկին եւ վերջինիս համար հարթելու էր դեպի տնօրենի աթոռ տանող ճանապարհը:
Արդեն սեպտեմբերի 13-ին ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացրեց, որ թատրոնի տնօրենի պաշտոնի թափուր մրցույթը չի կայանալու, քանի որ հայտատու Արաքս Կիրակոսյանը ետ է վերցրել մասնակցության փաստաթղթերը, իսկ մեկ թեկնածուի մասնակցության պարագայում մրցույթ նախատեսված չէ:
Ավելի ուշ էլ հայտնի դարձավ, որ թատրոնի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:
Նա կպաշտոնավարի մինչեւ նոր ընտրությունների ացնկացումն ու նոր տնօրենի նշանակումը: «Ժողովուրդ»-ը նույն թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանից հետաքրքրվեց` ինչ մթնոլորտ է այժմ տիրում կառույցում, եւ արդյոք հաջորդ մրցույթի անցկացման վերաբերյալ կա կոնկրետ նշված ժամկետ:
«Մենք արդեն լծվել ենք բնականոն աշխատանքի, պատրաստվում ենք նոր թատերաշրջանի բացմանը, որը, հավանաբար, կկայանա սեպտեմբերի վերջին»,-նշեց նա:
Ինչ վերաբերում է մրցույթի ժամկետին, ռեժիսորը տեղեկացրեց, որ տնօրենի պաշտոնակատարը ՀՀ մշակույթի նախարարության կողմից նշանակվել է երեք ամսով, եւ մրցույթը մինչեւ դեկտեմբերի 15-ը պետք է ավարտված լինի:
Իսկ հարցին, թե արդյոք աճեմյանցիները պատրաստվում են առաջիկա մրցույթին առաջադրել իրենց թեկնածուին (թեկնածուներին), Լ. Հարությունյանը պատասխանեց. «Համոզված ենք, որ այս մրցույթն ավելի բաց կլինի (Աճեմյանցիներին ավելի վաղ վրդովեցրել էր այն փաստը, որ մոտ մեկ ամիս առաջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում մշակույթի նախարարությունը հայտարարություն էր հրապարակել իրենց թատրոն ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի կարգի վերաբերյալ, որի մասին, սակայն, թատրոնի անձնակազմը` այդ թվում այդ պահին գործող տնօրենը, չէր իմացել-հեղ.): Թատրոնը, այո՛, ինչու ոչ, իր կողմից կներկայացնի թեկնածու, այս ընթացքում անձնակազմը մտածում է այդ ուղղությամբ»:
Աննա Բաբաջանյան