«ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ». Ո՞Ր ԱԶԳԻ ԵՎ Ո՞ՒՄ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսպիսով՝ Սերժ Սարգսյանի կողմից օգոստոսի 1-ին հայտարարված «Ազգային համաձայնության» կառավարության ձեւավորմանն ուղղված քայլերի մեկնարկը տրված է: ՀՀ կառավարության այսօրվա նիստում, որը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, կվարի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, չի բացառվում հայտարարի իր հրաժարականի մասին, որից հետո ինքնաբերաբար հրաժարական կտան նաեւ բոլոր մյուս նախարարները:
Նկատենք, որ սա Հովիկ Աբրահամյանի երկրորդ հրաժարականը կլինի Հայաստանի ամենաբարձր պաշտոնից՝ հանուն կուսակցության: Ինչո՞ւ, որովհետեւ խոսվում է, որ Աբրահամյանը գլխավորելու է 2017-ի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների` ՀՀԿ նախընտրական շտաբը, եթե, իհարկե, երիտթեւը նաեւ այդ հարցով խարդավանքներ չհյուսի Աբրահամյանի դեմ:
Հիշեցնենք, որ երբ 2014 թվականի ապրիլի 13-ին Հովիկ Աբրահամյանը նշանակվեց ՀՀ վարչապետ, «Ժողովուրդ» օրաթերթը ամիսներ անց՝՝ 2015-ի հունվարի 25-ին, գրեց «…երբ Աբրահամյանը նշանակվեց ՀՀ վարչապետ, վերջինիս շրջապատը ցնծում էր, իսկ իշխանության, այսպես կոչված, երիտասարդ թեւը (այդպես ընդունված է համարել Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի թիմին) շատ հանգիստ, ինչ-որ տեղ նաեւ հեգնանքով էր վերաբերվում Աբրահամյանի շրջապատի ցնծությանը… Երիտթեւի ներկայացուցիչները վստահ էին, որ Հովիկ Աբրահամյանը դեռ զղջալու է այս փուլում վարչապետ դառնալու համար, եւ իրականում նա վերածվելու է «քավության նոխազի»»:
Այսպես էլ եղավ. Սերժ Սարգսյանի համար ամենակարեւոր պահին, երբ իշխանության նկատմամբ անվստահությունը մահացու աստիճան բարձր տոկոս է կազմում, Հովիկ Աբրահամյանը կրկին զոհաբերվեց՝ տեղը զիջելով մի մարդու, որը Երեւանի քաղաքապետի պաշտոնից 2011-ին հրաժարվեց՝ Մոսկվայում առավել բարձր աշխատավարձով աշխատանքի առաջարկ ստանալուց հետո: Թեեւ այդ օրերին բոլորին էր հայտնի, որ նույն երիտթեւի խարդավանքներից «կշտացած» Կարեն Կարապետյանը լքեց Հայաստանը: Հիմա նա վերադարձել է արդեն վարչապետ նշանակվելու խոստման դիմաց եւ պայմանով, որ տնտեսական ոլորտի նախարարներին պետք է իր թիմի մարդկանց նշանակի:
Հ.Գ. Երեկ ցերեկը «Ժողովուրդ»-ի թղթակիցը ՀՀ կառավարության ետնամուտքի մոտ նկատել է, որ Կարեն Կարապետյանը մեքենայով մտել է ՀՀ կառավարության շենք՝ թերեւս հանդիպելու ՀՀ գործող վարչապետին:

 

 
ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին ընդառաջ համաներում հայտարարելու նախագիծը գրեթե պատրաստ է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս համաներումը խոստանում է լինել աննախադեպ ընդգրկուն: Ամեն դեպքում փաստաթուղթը մշակող իրավաբանների խմբին հենց այդպիսի հանձնարարական է տրվել: Ենթադրվում է, որ համաներումը կտարածվի առնվազն մինչեւ հինգ տարվա ազատազրկման դատապարտվածների վրա: Բացի այդ՝ բացառված չէ, որ այն տարածվի նաեւ առանձնապես ծանր հանցանք կատարած այն դատապարտյալների վրա, որոնք իրենց պատժի մեծ մասը կրել են: Ի դեպ, ենթադրվում է, որ համաներման նախագիծը մինչեւ եկող շաբաթվա վերջ արդեն պատրաստ կլինի եւ կուղարկվի խորհրդարանի հաստատմանը: Հիշեցնենք, որ եկող երեքշաբթի օրվանից մեկնարկում է խորհրդարանի աշնանային նստաշրջանը, որի առաջին իսկ քառօրյայի ընթացքում էլ նախատեսվում է քննարկել համաներման նախագիծը:

 

 
ՀՀ կառավարության ֆինանսիստները արդեն զգալի ժամանակ է՝ փորձում են կանխատեսել, թե պետական բյուջեի թերակատարումն ինչ ծավալների կհասնի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հաշվարկները վկայում են, որ պետական բյուջեի թերակատարումը կարող է մինչեւ յոթանասուն միլիարդ դրամ կազմել: Ի դեպ, ներկա դրությամբ պետական բյուջեի թերակատարումն արդեն իսկ կազմում է ավելի քան 30 միլիարդ դրամ: Սպասվում է, որ առաջիկա ամիսներին այն կշարունակի աճել: Ըստ լուրերի՝ եթե պետական եկամուտների կոմիտեին հաջողվի պետական բյուջեի թերակատարումը 50 միլիարդ դրամի սահմաններում ամփոփել, ապա դա կլինի ձեռքբերում: Ի դեպ, ենթադրվում է, որ պետական բյուջեի թերակատարման ցուցանիշը նվազեցնելու գործում ՀՀ կառավարության փոփոխությունը դրական դերակատարություն կարող է ունենալ: Ակնկալվում է, որ նոր կառավարության հետ կապված գործարարների շրջանում դրական ակնկալիքներ ի հայտ կգան, ինչը նոր ներդրումների առիթ կդառնա եւ կնպաստի հարկային մուտքերի ավելացմանը:

 

 
«Ժողովուրդ»-ը երեկ տեղեկացրել էր, որ Հայաստանում ինչ-որ սպորտսմեններ, իրենց քոչվոր ազգի ներկայացուցիչ համարելով, որոշել են մասնակցել Ղրղզստանում սեպտեմբերի 3-ից 8-ն անցկացվող «Քոչվորների համաշխարհային երկրորդ խաղերին»: Պարզվեց՝ Հայաստանը պաշտոնապես չի մասնակցում այդ խաղերին, քանի որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը մասնակիցներին «ինքնակոչ մարզիկներ» անվանեց: Ինքնակոչները «Մասռեսթլիգի ֆեդերացիա» անվանումով ինչ-որ կազմակերպության ներկայացուցիչներ են: Իսկ ամենաուշագրավն այն է, որ նշված ֆեդերացիայի նախագահ Արտավազդ Նալբանդյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հավաստիացրեց, թե իրենք Ղրղզստանում մասնակցել են մասռեսթլիգի աշխարհի առաջնությանը, այլ ոչ թե քոչվորների համշխարհային խաղերին, եւ տեղեկություններ կան, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը տեղյակ է եղել նրանց այցի մասին: Արդյո՞ք այդպես է, թե՞ ոչ, կպարզվի մարզիկների՝ Հայաստան վերադառնալուց հետո: Իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն, ինչպես միշտ, «ուղտի ականջում քնած է», քանի որ մեր հրապարակումից հետո միայն հանձնարարվեց մեր դեսպանատանը խոսել ղրղզական կողմի հետ:

 

 

 
ՆՈՐ ՕՐԱԿԱՐԳ
Այսօր ՌԴ ԱԳՆ-ում անցկացվելիք խորհրդակցության ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Ինչ կարող է տալ այսօրվա խորհրդակցությունը: Ըստ ամենայնի՝ ոչինչ: Եւ դա այն պարզ պատճառով, որ գոնե այս պահի դրությամբ չկան բավարար հիմքեր՝ ենթադրելու համար, որ պատրաստվում է բանակցային բոլորովին նոր սկզբունքների վրա հիմնված փաստաթուղթ, իսկ այն ամենը, ինչ հնարավոր էր անել Մադրիդյան սկզբունքների շրջանակներում, արդեն իսկ 2004 թ-ից ի վեր մշակվել է, քննարկվել է, ներկայացվել է:
Տարբեր տարիների այդ սկզբունքների հիման վրա ձեւակերպված այս կամ այն դետալի փոփոխության շուրջ տարվող քննարկումներն, ի վերջո, հանգեցին զրոյական արդյունքի 2011թ. հունիսին՝ Կազանում: Դրան հաջորդած 5 տարիներին Ադրբեջանը շեշտակիորեն զինվեց եւ փոխելով իր ռազմական դոկտրինը՝ խնդիր դրեց հարցը ռազմական ճանապարհով լուծել: Ապրիլին, ի վերջո, նա փորձեց դա անել, սակայն ձախողվեց: Եւ ուրեմն՝ հիմա նորից հանդիպել, նորից քննարկել արդեն 100 անգամ քննարկվածն ու մերժվածը, ընդամենը ժամանակի կորուստ է: Առավելագույնը, որ կարելի է ակնկալել վաղվա եւ նաեւ առաջիկայի նմանատիպ հանդիպումներից, դա «կրկին փորձիր» սկզբունքով ՀՀ-ի եւ Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման կազմակերպման շուրջ համաձայնությունն է եւ սահմանային միջադեպերի հետաքննության, մոնիթորինգի մեխանիզմների կյանքի կոչմանն ուղղված ջանքերը:
Իսկ որպեսզի բանակցային գործընթացն ըստ էության վերականգնվի, անհրաժեշտ են նոր սկզբունքներ, նոր մոտեցումներ, որոնք առնվազն քննարկման նոր դաշտ կբացեն կողմերի համար: Ապրիլյան քառօրյա պատերազմն այդ առումով նոր հնարավորություն բացեց հայկական կողմի առջեւ: Ի վերջո, ակնհայտ դարձավ, որ ուժի չկիրառման սկզբունքն այլեւս չի աշխատում, եւ ուրեմն հայկական կողմը վտանգի տակ է, ինչից ելնելով էլ կարող է կոշտացնել իր դիրքորոշումը:
Օրինակ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը այս կապակցությամբ առաջարկեց նոր՝ «անջատում հանուն փրկության» դոկտրինը՝ նշելով, որ հատկապես ապրիլյան պատերազմից հետո այն ընկալելի կլինի աշխարհի համար: Դիվանագետ Արա Պապյանն առաջ է տանում Արցախի՝ Հայաստանին միավորվելու գաղափարը՝ պնդելով, որ միայն այդ դեպքում է հնարավոր չկորցնել ազատագրված տարածքները, իսկ, ահա, ինքնորոշման սկզբունքի առաջնայնության դեպքում որեւէ արգումենտ չի կարող լինել այդ 7 շրջանների պահպանման համար:
Կան էլի հետաքրքիր առաջարկներ, որոնք, սակայն, որեւէ կերպ մեր քաղաքական օրակարգում անհրաժեշտ լրջությամբ չեն քննարկվում: Կարծում ենք՝ ժամանակն է, որպեսզի հայկական դիվանագիտական միտքը միջնորդներին առաջարկի անսպասելի, ոչ ստանդարտ եւ բոլորովին նոր սկզբունքներ: Հուսանք, որ Էդվարդ Նալբանդյանին առաջիկայում փոխարինող նոր արտգործնախարարը նոր օրակարգ կներկայացնի միջնորդներին:




Լրահոս