ArmLur.am-ի թղթակիցը Էջմիածնի 19/10 ընտրատեղամասից հայտնում է, որ քիչ առաջ այստեղ զավեշտալի դեպք է տեղի ունեցել:
Մեր թղթակցի փոխանցմամբ` մի երիտասարդ աղջիկ, ով եկել էր ընտրության, ներկայացրեց իր անձնագիրը, և պարզվեց, որ նա Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի բնակիչ է: Հանձնաժողովի նախագահը, ապա մյուս անդամները պարզաբանեցին քաղաքացուն, որ նա իրավունք չունի Էջմիածնում ընտրություն կատարելու:
Սակայն երիտասարդ աղջիկը համառորեն դիմադրում էր և հայտարարում, որ ինքը ցանկանում է Էջմիածնում քաղաքապետի ընտրել:
Հանձնաժողովի անդամը նրան փոխանցեց, որ իր բնակության վայրում` Ոսկեհատում, ևս ընտրություններ են և, եթե շատ է ցանկանում մասնակցել, ապա կարող է այնտեղ գնալ` ընտրելու:
Աղջիկը զանգ կատարեց` ճշտելու` իսկապես Ոսկեհատում համայնքի ղեկավարի ընտրություններ են: Դրական պատասխան ստանալուց հետո հայտարարեց, որ ինքն արդեն 20 տարի է` Երևանում է ապրում, սակայ ցանկանում է Էջմիածնի քաղաքապետի ընտրություններին մասնակցել:
Երկար ջանքեր գործադրելուց հետո հանձնաժողովի անդամներին հաջողվեց ճանապարհել «ընտրասեր» քաղաքացուն: