Ովքեր են նոր նշանակված նախարարները և ինչ ճանապարհ են անցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ Սերժ Սարգսյանն այսօր մի քանի նախարարներ է նշանակել, իսկ Դավիթ Հարությունյանին և Վաչե Գաբրիելյանին էլ վերանշանակել:

Իգնատի Առաքելյանը  նշանակվել է գյուղատնտեսության նախարար` փոխարինելով Սերգո Կարապետյանին: Առաքելյանը ծնվել է 1972 թ.: Ավարտել է Երևանի պետական ճարտարապետաշինարարական ինստիտուտը: Առաքելյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1998 թ. Երևանի կոնյակի գործարանում (ԵԿԳ)` զբաղեցնելով հաշվապահի, այնուհետև` գլխավոր հաշվապահի պաշտոնները: 2006 թ. նշանակվել է ֆինանսավարչական տնօրեն: 2009 թ.-ից Իգնատը Առաքելյանը ԵԿԳ գործադիր տնօրենի տեղակալն էր, իսկ արդեն 2015.-ից` գործադիր տնօրենը:

Ֆինանսների նոր նախարարը Վարդան Արամյանն է, ով ծնվել է 1975թ. Երևանում, 1992-1997 թթ. սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետի համաշխարհային էկոնոմիկայի բաժինը՝ տնտեսագետի որակավորմամբ։ 2004 թ. ավարտել է Թաֆթս համալսարանի (ԱՄՆ) Ֆլեթչերի դպրոցի տնտեսագիտության հատուկ ինտենսիվ ուսուցման դասընթացը։ 2005 թ.-ից Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի հայցորդ է։ Մի շարք հոդվածների հեղինակ է։ 1997-1998 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 1999-2002 թթ. աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկում` որպես դրամավարկային քաղաքականության վարչության բյուջեի հետ փոխհարաբերությունների բաժնի մասնագետ, 2002-2003 թթ.` դրամավարկային քաղաքականության վարչության իրական հատվածի վերլուծությունների և մոդելավորման բաժնի ավագ մասնագետ, իսկ 2003-2006 թթ.` դրամավարկային քաղաքականության վարչության արտաքին տնտեսական հարաբերությունների բաժնի պետ։

2006 թ. դեկտեմբերից ԱՊՀ միջպետական արժութային կոմիտեի անդամ է (ՀՀ ներկայացուցիչ)։ 2007 թ.-ից դասավանդում է Հայաստանի ֆրանսիական համալսարանում: 2008 թ. մայիսի 19-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։ 2008 թ. մայիսի 31-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության բանկում Հայաստանի Հանրապետության ազգային տնօրեն։ 2011 թ. մայիսի 16-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարչի փոխարինող անձ (փոխկառավարիչ)։ 2012 թ. նոյեմբերի 15-ին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամ։

2013 թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։

2013 թվականի սեպտեմբերի 5-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ։

2013 թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ կառավարության որոշմամբ վաղաժամկետ ազատվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամի պաշտոնից։

Ամուսնացած է, ունի մեկ զավակ։ Վարդան Արամյանը նախկին դատավոր Սարիբեկ Արամյանի որդին է, ով արդեն թոշակի է անցել։ ՀՀԿ անդամ է, ՀՀԿ խորհրդի անդամ։ Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին։ Երբ ուսումնասիրեցինք Սարիբեկ Արամյանի գույքի և եկամուտների մասին հայտարարագիրը, պարզվեց, որ նա նույն թվականին ստացել է 6 մլն 25 հազար 27 դրամ: Նրա հաշվին տարեսկզբին եղել է 5 մլն 400 հազար դրամ, իսկ տարեվերջին դրամական միջոցներն ավելացել էր` հասնելով 6 մլն 100 հազար դրամի:  Նշենք, որ այդ տարի Վարդան Արամյանը ստացել է 10 մլն 735 հազար դրամի եկամուտ, որը գոյացել է  աշխատավարձից ու դրան հավասարեցված այլ վճարումներից: Նա 8 հազար 640 եվրոյի եկամուտ էլ ստացել էր ինչ-որ խորհրդի անդամության դիմաց:  Մենք ուսումնասիրեցինք նաև նրա 2014 թվականի հայտարարագիրը, որից պարզ է դառնում, որ հաշվետու տարում Վարդան Արամյանը հանձնել է 52 հազար դոլարի փոխառություն և վերադարձվել է 3 մլն դրամի փոխառություն:

Տրանսպորտի և կապի նորանշանակ նախարարը Վահան Մարտիրոսյանն է: Ծնվել է 1962 թ., անկուսակցական է։ 1984 թ. ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստիտուտը, տեխնիկական գիտությունների թեկնածու է։ Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին։ Ամուսնացած է, ունի 1 երեխա։

Աշխատանքային գործունեություն`

1984 -2000 Երևանի էլեկտրաապարատների գործարան` ինժեներ-կոնստրուկտոր, կոնստրուկտորային բյուրոյի պետ, գլխավոր ինժեների տեղակալ

2000 – 2006      «Կոռնետ-ԱՄ» ՓԲԸ` գլխավոր տնօրեն

2006 – 2006      «Արմենթել» ՓԲԸ` գլխավոր կոմերցիոն տնօրեն

2006 – 2010      «Կոռնետ-ԱՄ» ՓԲԸ` տնօրենների խորհրդի նախագահ

2008 – 2012      «GNC-ալֆա» ՓԲԸ` տնօրենների խորհրդի նախագահ

2012 – 2016      «GNC-ալֆա» ՓԲԸ` տնօրենների խորհրդի նախագահ




Լրահոս