Տնտեսվարողը խուսափել է հետաձգված ԱԱՀ-ի վճարումից. հարուցվել է քրեական գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 1-ին բաժինը, ստացված օպերատիվ տվյալների համաձայն իրականացնելով ստուգումներ, պարզել է, որ ՀՀ քաղաքացի Հ.Ս.-ն, միաժամանակ հանդիսանալով 4 ընկերությունների տնօրեն և միակ հիմնադիր, 2012-2015 թվականներին ՀՀ տարածք է ներմուծել շուրջ 330 մլն դրամի տարատեսակ ապրանքներ՝ կավճափոշի, պոլիվինիլքլորիդի հումք, շինարարական նյութեր, պիստակ և մրգային չիր: Ապրանքների ներկրումից առաջացած մոտ 56 մլն դրամի ԱԱՀ-ի վճարումները համապատասխան կարգով հետաձգվել են մեկ տարով, սակայն նշված կազմակերպություններն, առ այսօր, պետական բյուջե վճարում չեն կատարել:

Կազմակերպությունների տնօրեն Հ.Ս.-ի հայտարարության համաձայն, ներմուծված ապրանքներն իրացվել են մեծածախ կարգով և հարկային հաշիվներ դուրս չեն գրվել: Ստուգմամբ 4 կազմակերպություններին առաջադրվել է ընդհանուր շուրջ 200 մլն դրամի տուգանք: Հ.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս