Արսինե Խանջյանը բաց նամակով դիմել է սփյուռքահայությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը բաց նամակով դիմել է սփյուռքահայությանը, որի տեքստը հրապարակվել է Transparency International իրավապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կայքում:

Նա մասնավորապես ասել է. «2016թ. հուլիսի 17-ին մայրաքաղաք Երևանում ես ձերբակալվեցի Հայաստանի ոստիկանության կողմից, երբ լուսանկարում էի հանուն ժողովրդավարական իրավունքների և սոցիալ-քաղաքական բարեփոխումների անցկացվող երթը: Այդ կամայական, չարդարացված ձերբակալությունը ստիպեց ինձ գիտակցել, որ, որպես արտիստ և մարդու իրավունքների ակտիվիստ, իմ պատասխանատվությունն է բարձրաձայնել այն հարցերը, որոնք առանցքային են Հայաստանի կայունության և միասնության համար: Ես նաև հասկացա, որ մենք ուշացել ենք հայկական սփյուռքի՝ հայրենիքի գործերում դերակատարության բնույթը գնահատելու հարցում»:

Նրա խոսքով` անկախությունից 25 տարի անց Հայաստանում առկա են մեծ թվով սոցիալական, քաղաքական և տնտեսական խնդիրներ, որոնց պատճառները կոռուպցիան, նեպոտիզմը և օլիգարխիայի վրա հիմնված տնտեսությունն է:

«Այս հանգամանքները կանգնեցրել են մի փակուղու առաջ, որտեղ հանրության վստահության բացակայությունը, վրդովմունքը և վախը գումարվել են ոչ բավարար սոցիալ-տնտեսական պայմանների հետ՝ ստիպելով դիմել անհնազանդության և ցասման հուսահատ գործողությունների»,- գրել է նա:

Արսինե Խանջյանն անդրադառնալով հուլիսի 17-ին «Սասնա ծռերի» կողմից ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավմանը՝  նշել է, որ խմբի ծայրահեղ այդ գործողության նկատմամբ հանրային աջակցությունը ցույց տվեց այն հիասթափությունը, որ ունի հայ հասարակությունը իր բողոքին կառավարության անտարբերության և արհամարհանքի նկատմամբ:

Դերասանուհու խոսքով նման իրավիճակում սփյուռքում ապրող հայերը հավասար կերպով պետք է մասնակցեն երկրի կայացման գործին, կիսեն այդ պատասխանատվությունը և համախմբեն բոլոր ջանքերը՝ «այս պայթյունավտանգ մթնոլորտը» փոխելու համար:

Արսինե Խանջյանի կարծիքով սփյուռքի առաջնորդները, գիտնականները և ակտիվիստները, հատկապես, նրանք ովքեր ապրում են արևմտյան ժողովրդավարական երկրներում, կարող են օգնել՝ յուրացնելու ազատ և արդար ընտրություններ անցկացնելու արվեստը: «Հայրենիքում այսքան մարտահրավերների ծայրահեղ իրավիճակում սփյուռքը չի կարող անտարբերություն ցուցաբերել: Սփյուռքը չպետք է հանդես գա երկակի հետևողի դերում: Ամբողջ աշխարհի հայերը չպետք է անտեսեն մեր հայրենակիցների աղաչանքները և խուսափեն դրանցից: Սփյուռքն այլևս չպետք է արհամարհի անգործության վտանգները: Մենք երբեք չենք կարող ասել, որ չգիտեինք: Մենք երբեք չենք կարող ասել, որ մեզ չեն առաջարկել կայացման այս տարիներին մասնակիցը լինել մեր համատեղ ճակատագրին»,- գրել է նա:

 




Լրահոս