ArmLur.am-ը ստացել է Բյուրեղավան քաղաքի բնակիչների բաց նամակը, որով նրանք բողոքում են քաղաքում ջրամատակարարումն անկանոնությունից։
«Մենք՝ Բյուրեղավան քաղաքի բնակիչներս, դիմում ենք ձեզ խնդրանք-պահանջով՝ բարձրաձայնելու մեր համայնքում առկա ջրամատակարարման լուրջ և շարունակական խնդիրը։
Վերջին ժամանակահատվածում Բյուրեղավանում ջրամատակարարումը իրականացվում է անկանոն և հաճախ չի համապատասխանում սահմանված գրաֆիկին։ Նույնիսկ այն դեպքերում, երբ կա հստակ ժամանակացույց, ջուրը կամ ուշ է տրվում, կամ ընդհանրապես չի մատակարարվում։ Սա ստեղծում է լուրջ կենցաղային դժվարություններ հազարավոր բնակիչների համար։
Խնդիրն առավել ծանր է երեխաներ ունեցող ընտանիքների, տարեցների և այն քաղաքացիների համար, ովքեր ջուրը օգտագործում են կենսական անհրաժեշտության համար։ Չնայած բազմաթիվ դիմումներին և բարձրաձայնումներին՝ իրավիճակը դեռևս չի ստացել վերջնական և կայուն լուծում։
Մեր հստակ պահանջն է՝ եթե գոյություն ունի ջրամատակարարման գրաֆիկ, ապա այն պետք է խստորեն պահպանվի, առանց որևէ խախտման։ Ջուրը պետք է լինի հասանելի և կայուն, քանի որ այն կենսական անհրաժեշտություն է յուրաքանչյուր ընտանիքի համար։
Հարգանքով՝
Բյուրեղավան քաղաքի բնակիչներ»




























