Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ 1923թ. Լոզանի խաղաղ պայմանագրի մասին հայտարարությունը սուր արձագանքի է արժանացել Հունաստանում: Հունաստանի ԱԳՆ-ն հայտարարությունը գնահատել է որպես փորձ՝ կասկածի տակ դնելու երկու երկրների միջև սահմանները:
Հունաստանի ԱԳՆ-ն պահանջել է հարգել 1923թ. համաձայնագիրը: «Լոզանի պայմանագիրն ու միջազգային բոլոր իրավունքներն իրականություն են քաղաքակիրթ աշխարհում, և ոչ ոք, այդ թվում՝ Անկարան, չի կարող չճանաչել այն: Բոլորը պետք է հարգեն այդ համաձայնագիրը»,-հայտարարել է դիվանագիտական աղբյուրը:
Էրդողանի հայտարարությունը հունական ԶԼՄ-ների գլխավոր նորությունն է դարձել: Պատմության մեջ առաջին անգամ Թուրքիայի ղեկավարությունը կասկածի տակ է առել Լոզանի պայմանագիրը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Skai հեռուստաալիքին:
Հույն քաղաքական գործիչները կարծում են, որ Էրդողանի խոսքերը վտանգավոր են և սադրիչ:Նախօրեին Էրդողանը հայտարարել էր, որ հույներն են ստիպել նրանց կնքել այդ պայմանագիրը: