Թուրքիան սատարում է ահաբեկիչներին. Արտաշես Գեղամյանի ելույթները ԵԱՀԿ ԽՎ-ի նստաշրջանում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի ելույթները ԵԱՀԿ ԽՎ-ի նստաշրջանում, Սկոպյե, 30.09.2016:

Գեղամյանը Միջերկրածովյան ֆորումի շրջանակներում խոսել է Սիրիայի իրավիճակի մասին: Նրա խոսքով՝ մոտ 20 հազար հայ գաղթել է Հայաստան: «Դրանք թուրքական կայսրության կողմից իրականացված Ցեղասպանությունից մազապուրծ հայերն են, և ամեն օր մենք զգում ենք նրանց տառապանքը, մարդիկ, ովքեր կորցրել են բառացիորեն ամեն ինչ, իրենց կարողությունը՝ ձեռք բերված ազնիվ աշխատանքի շնորհիվ, իրենց տները, եկեղեցին, դպրոցները: Եվ այժմ, քննարկելով այդ հարցը, ցավոք, մենք շեշտադրում ենք կատարում այն բանի վրա, թե ինչ է արվել գաղթածների հետ, դա, անկասկած, շատ կարևոր է: Առավել կարևոր է ապահովել նրանց անվտանգությունը: Իսկ դրա համար անհրաժեշտ է կանխել հնարավոր սպառնալիքները: Ընթացիկ տարվա մայիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն հայտարարեց. «Մի շարք երկրներ ցանկանում են վրեժ լուծել Թուրքիայից 1453թ. Ստամբուլի և Կոնստանտինոպոլի գրավման համար, սակայն ոչ ոք չի կարող փլուզել մեր երկիրը»: Ստամբուլի գրավումից հետո թուրքերը տեղակայվեցին Անատոլիայում, Թրակիայում, այսինքն՝ Արևմտյան Հայաստանում և մասամբ Հունաստանում: Կարելի էր անտեսել Թուրքիայի նախագահի այս հայտարարությունը, եթե մի քանի ամիս անց հուլիսի 26-ին Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհատ Զեյբեկչին չասեր. «Հուլիսյան ապստամբության հեղինակները ցանկացել են կյանքի կոչել Թուրքիան գրավելու ծրագիրը»: Թե ինչ երկրների մասին է խոսքը, թուրք նախարարը նշել է Հայաստանն ու Քրդստանը: Հատկանշական է, որ դա ասվում է հիմա, այսինքն՝ նոր հակահայկական, հակաքրդական և հակաեզդիական տրամադրություններ են ստեղծվում, որի զոհ կարող են դառնալ տասնյակ հազարավոր անմեղ մարդիկ: Հիմք է դրվում դրանք իրականացնելու համար»,-նշել է Գեղամյանը:

Գեղամյանն ընդգծել է, որ ««Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն աջակցություն է ստանում Թուրքիայի կողմից, որի ապացույցը քրդաբնակ շրջաններում իրականացված հարձակումներն են»:

Գեղամյանը հիշեցրել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 16-ին արված հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը կարող է մասնակցել Սիրիայի հումանիտար օպերացիային:

Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութերում:




Լրահոս