Մեր երկիրը փնովելու իրավունքը դեռ պետք է վաստակել, այլ ոչ թե տարիներ անց վերադառնալ և «երկիրը երկիր» դարձնելու հայտեր ներկայացնել. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն իր պաշտոնավարման երկու շաբաթների ընթացքում արդեն իսկ հասցրել է աչքի ընկնել մի շարք ուշագրավ հայտարարություններով: Իր ենթականերին ուղղված լակոնիկ խոսելու, չերկարացնելու հորդորներից մինչեւ պրիմիտիվ գողությունը վերացնելու նրա կոչերը բավականին դրական արձագանք են գտել հանրության շրջանում:
Կարեն Կարապետյանը, սակայն, նախօրեին մի հայտարարություն արեց, որը մակերեսային առումով դարձյալ ընդունելի եւ հանրության համար ընկալելի լինելով հանդերձ` միեւնույն ժամանակ անցանկալի էր՝ հաշվի առնելով, որ դրա հեղինակը երկրի վարչապետն էր: Նա, մասնավորապես, ասաց.«Եթե ստվերը դաշտ չբերենք, ինչ ուզում է՝ անենք, երկիրը երկիր չենք դարձնի»:

Այն, որ երկրի վարչապետը խոսում է ստվերը հարկային դաշտ բերելու կարեւորության մասին, իհարկե, լավ է, բայց այն, որ նա համարում է, թե մեր երկիրը ինքը պիտի երկիր դարձնի, այ, դա արդեն մտահոգիչ է: Սա «էս երկիրը երկիր չի» մտածողության դրսեւորում է, ինչն, ի դեպ, ժամանակին շատ կտրուկ ձեւով քննադատել էր Սերժ Սարգսյանը:

Նա, հիշեցնենք, 2012թ. մարտի 10-ին ունեցած իր ելույթում, մասնավորապես, ասել էր. «Մեզանում ձեւավորվել է հոռետեսության եւ հուսահատության մի հոգեբանություն, որն ունի նույնիսկ իր կարգախոսները: Ոչ մի թշնամական քարոզչություն չի կարող այնքան ավերածություններ գործել, որքան այդ բանաձեւերն են, որ հնչում են հաճախ եւ մոտավորապես այսպես՝ «էս երկրում օրենք ո՛չ եղել է, ո՛չ կլինի, «ոնց եկել է, էդպես էլ գնալու է. բան չի փոխվելու» եւ ընդհանրապես «էս երկիրը երկիր չի»: Ապա նա թվարկել էր, թե ինչ արժանիքներ ունի մեր երկիրը.«Էս երկիրը երկիր է, որ քանակի դեմ պարզել է որակ, նավթադոլարների դեմ պարզել է բարոյական նկարագիր ու հաղթել նաեւ մեր բոլորի աչքի առաջ: Էս երկիրը երկիր է, որի հետ հաշվի են նստում եւ հարգանքով են խոսում: Էս երկիրը երկիր է, որին կարոտում են եւ որի հողը համբուրում են: Էս երկիրը երկիր է, որտեղ ապրում են տաղանդավոր ու աշխատասեր մարդիկ: Երբ հարկ է եղել սկսել զրոյից, նրանք սկսել են զրոյից ու հասել անհավատալի արդյունքների: Ո՞վ է մեզ իրավունք տվել փնովել մեր երկիրը, ինքնախարազանվել»:

Իհարկե, այլ հարց է, թե Սերժ Սարգսյանը այդ ելույթին հաջորդող իր գործունեության ընթացքում ինչ արեց «էս երկիրը երկիր դարձնելու» եւ իր գեղեցիկ եւ հուզական մտքերը իրականության վերածելու ուղղությամբ: Սակայն խորքային առումով նա իրավացի էր: Մեր երկիրը փնովելու իրավունքը դեռ պետք է վաստակել, այլ ոչ թե առնվազն Երեւանը զարգացնելու հնարավորությունը փոխելով՝ այլ երկրում ավելի բարձր վարձատրվող աշխատանքով տարիներ անց վերադառնալ եւ «երկիրը երկիր» դարձնելու հայտեր ներկայացնել:




Լրահոս