Երեկ Ազգային ժողովում երրորդ ընթերցմամբ ընդունվեց կառավարության կողմից ներկայացված «Հարկային օրենսգրքում» լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ 78 կողմ, 19 դեմ եւ 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Քվեարկությունից առաջ վարման կարգով ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, թե նոր օրենսգիրքը չի համապատասխանում ՀՀ տնտեսության զարգացման պահանջներին, քանի որ այս նախագծում հակասահմանադրական դրույթներ կան: Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն էլ առաջարկեց հետաձգել քվեարկությունը՝ ասելով, որ այս նախագիծն ավելացնում է հարկատուների բեռը:
Նշենք, որ «Հարկային օրենսգրքի» երկրորդ ընթերցման քվեարկությունը անցել էր բավականին տարօրինակ իրավիճակում: Բանն այն է, որ մեծածավալ այս փաստաթուղթը պատգամավորներին տրվել էր նախագծի քննարկումը սկսելուց մի քանի ժամ առաջ: Ըստ էության, ամեն ինչ արվել էր, որպեսզի օրենսդիրները չհասցնեն փաստաթղթի բովանդակությանը ծանոթանալ:Եվ հիմա, փաստորեն, այն երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց:
«Ժողովուրդ»-ը քվեարկության ավարտից հետո զրուցեց Աժ ՀՀԿ-ական գործարար պատգամավորների հետ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Գրիգորյան՝ Ավշարի Արայիկ:
-Պարո՛ն Գրիգորյան, «Հարկային օրենսգիրքը»-ը մտահոգում է հատկապես բիզնեսի հետ առնչություն ունեցող պատգամավորներին: Հասցրե՞լ եք ուսումնասիրել այդ կարեւորագույն փաստաթուղթը, խնդիրներ չեք տեսնո՞ւմ նոր նախագծում:
-Նորմալ է:
-Իսկ հնարավո՞ր է, որ Ձեզ ճնշել են:
-Չէ՛, ի՞նչ ճնշել, ինչի մասին է խոսքը:
-Տեղեկություններ տարածվեցին, որ ՀՀԿ-ականների նկատմամբ տարբեր ճնշումներ են եղել, որպեսզի կողմ քվեարկեն նախագծին՝ առանց կարդալու եւ ուսումնասիրելու:
-Ոչ մի ճնշում, ինձ կոնկրետ ոչ մեկ ոչ մի բան չի ասել:
-Օրինակ՝ պատգամավորներից շատերը մտահոգություն արտահայտեցին՝ կապված ստուգումների հետ, Դուք ստուգումների մասով ծանոթացե՞լ եք նախագծի բովանդակությանը:
-Չեմ ուսումնասիրել:
-Իսկ քվեարկությանը մասնակցե՞լ եք:
– Այո՛:
-Կո՞ղմ թե՞ դեմ եք քվեարկել նախագծին:
-Կողմ եմ քվեարկել:
-Առանց ուսումնասիրելու կո՞ղմ եք քվեարկել:
-Հա՛, ինչ անենք, տենց էլ է լինում:
-Ըստ Ձեզ՝ նոր նախագիծը գործարարներին չի վնասո՞ւմ, վստա՞հ եք, որ տարիներ հետո խնդիրների առաջ չեք կագնի Ձեր իսկ կողմ քվեարկելու հետեւանքով:
-Լավ Էլի, խնդրում եմ:
զրուցեց Քնար Մանուկյանը