Հարց քաղաքացիներից`մինչև 63 տարին լրացած անձը կարող է ստանալ իր կուտակային միջոցները. ո՞ր դեպքերում կարելի է իրականացնել այդ գործընթացը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Տեղյակ եմ, որ մինչեւ 63 տարին լրանալը անձը կարող է ստանալ իր կուտակային միջոցները: Խնդրում եմ ասեք, թե ո՞ր դեպքերում կարելի է իրականացնել այդ գործընթացը:

Նորայր Հայրապետյան (60 տարեկան, պատմաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով նախատեսված է 3 դեպք, երբ հնարավոր է նախքան 63 տարեկանը լրանալը միանվագ եւ ամբողջությամբ ստանալ կուտակային միջոցները: Դրանք են՝
1) մասնակիցն օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ.
2) մասնակիցն առողջական ծայրահեղ ծանր վիճակում է եւ հիվանդ է կենսական կարեւոր օրգանների անբուժելի ախտահարումներով, որը հավաստվում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության լիազոր մարմնի տված եզրակացությամբ.
3) ՀՀ-ում աշխատող օտարերկրացի մասնակիցը վերադառնում է իր մշտական բնակության երկիր:
Վերը նշված 3-րդ կետով նախատեսված հիմքով, մինչեւ կենսաթոշակային տարիքը մասնակցի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը մարվելու դեպքում, առաջացած միջոցները փոխանցվում են համապատասխան օտարերկրյա պետությունում նրա անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ պայմաններով:
Եթե համապատասխան օտարերկրյա պետությունում անձը չի մասնակցում կուտակային կենսաթոշակային համակարգին, ապա նա իր միջոցները կարող է ստանալ բացառապես 63 տարեկանը լրանալուց հետո:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ աշխատանքը կորցնելու եւ այլեւս եկամուտներ չունենալու դեպքում անձի պարտադիր կուտակային միջոցները կմնան անձի անհատական կենսաթոշակային հաշվին եւ կշարունակեն կառավարվել կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից:

 




Լրահոս