Երեկ Աժ-ում ԿԸՀ անդամի թեկնածու Սեյրան Շահսուվարյանը հայտարարեց, թե ինքը մտադիր է ԿԸՀ-ում որակյալ լրագրողներ պատրաստել, այնպես, ինչպես արել է ժամանակին ՊՆ-ում.«Եթե ընտրվեմ, պարտավորվում եմ գոնե մինչեւ ապրիլ 100 պրոֆեսիոնալ կադրեր պատրաստել»,- առանց ավելորդ համեստության՝ հայտարարեց ՊՆ լրատվականի նախկին ղեկավարը: Հիշեցնենք, որ նրա գործունեության տարիներին ՊՆ-ն Հայաստանի ամենափակ կառույցն էր: Ինչեւէ, չենք կարող չհամաձայնել պարոն Շահսուվարյանի որոշ պնդումներին՝ կապված տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնագիտական անպատրաստության հետ:
Սակայն չենք կարող նաեւ չնկատել, որ հենց պարոն Շահսուվարյանի «դարբնոցի» որոշ կադրերի ակտիվ ջանքերով է այսօր լրատվական դաշտը հեղեղվել անհասկանալի ծագումնաբանության կայքերով, որոնց ներկայացուցիչները, ուզենք, թե ոչ, եւս համարվում են լրագրողներ եւ իրենց, մեղմ ասած, ոչ պատրաստված գործունեության արդյունքում ստվերում են նաեւ իրական լրատվամիջոցների գործունեությունը:
Երեկ այս թեմայով արված դատողությունների շարքում, սակայն, առավել տարակուսելի էին Աժ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանի հայտարարությունները: «Ես հանրաքվեից հետո հարց բարձրացրեցի, որ այն լրատվամիջոցները, որոնք բացարձակ հակաքարոզչությամբ էին զբաղվում, ենթարկվեին պատասխանատվության: Կարծես որեւիցե նման պատասխանատվություն ես չեմ լսել, որ ենթարկվեն նման մեկնաբաններն ու ԶԼՄ-ները: Կարծում եմ՝ Ձեր մոտեցումն է պետք, որ օրենքում պատժաչափերը խստացնենք, թեկուզ լրատվամիջոցներին զրկենք լիցենզիաներից: Առաջիկայում քանի որ ունենք համապետական ընտրություններ, բացառենք լրագրողի կամ լրատվամիջոցի նման դրսեւորումները»,- ոչ ավել, ոչ պակաս, հայտարարեց Ավետիսյանը:
Փաստորեն, Նոր ԸՕ-ում լրագրողների գործունեության սահմանափակումները քիչ էին, հիմա էլ ՀՀԿ-ական պատգամավորը առաջարկում է իրեն ոչ հաճելի մեկնաբանությունների համար լրագրողներին պատասխանատվության ենթարկել: Ինչպես ասում են՝ հասանք:
Ինչ վերաբերում է Շահսուվարյանին, ապա նա վերստին իրեն վերագրելով լրատվական դաշտի «կնքահոր» դերակատարությունը, հայտարարեց, թե հարյուրավոր լրագրողների է խնդրել, աղաչել, որ մյուս կողմին էլ լսեն: Հետաքրքիր է՝ արդյոք, առհասարակ, Հայաստանում կան հարյուրավոր լրագրողներ, որոնք ոչ միայն գործում են, այլ նաեւ ճանաչում Շահսուվարյանին: «Եթե կկարողանաք մի այնպիսի օրենք ընդունել, որ մարդը պատասխան տա իր արածի համար, այն ժամանակ երեւի ամեն ինչ իր տեղը կընկնի: Քանի դեռ պատասխանատվության զգացում չունեն, ինչ ուզելու, գրելու են»: Հիրավի, քանի դեռ չկա պատասխանատվության զգացում, ինչ ուզում՝ խոսում են, անգամ՝ հանդես գալիս հարյուրավոր լրագրողների անունից: