ՀԱՐՑ. Եթե անձն օտարերկրացի է կամ չունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ աշխատում է Հայաստանում, ապա նման դեպքերում նա կարո՞ղ է է մասնակցել կուտակային բաղադրիչին:
Միլենա Հայրապետյան (32 տարեկան, բուժքույր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Հայրապետյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող օտարերկրացին եւ քաղաքացիություն չունեցող անձը կուտակային բաղադրիչին մասնակցում է ընդհանուր հիմունքներով, եթե աշխատում է Հայաստանի Հանրապետությունում (ստանում է բազային եկամուտ, որը հարկվում է եկամտային հարկով):
Այսինքն՝ եթե վերը նշված օտարերկրացին եւ քաղաքացիություն չունեցող անձը ծնվել է 1974թ. հունվարի 1-ին եւ դրանից հետո, ապա կուտակային բաղադրիչին մասնակցում է պարտադիրության սկզբունքով (իր բազային եկամտից պարտադիր սկզբունքով կատարում է կուտակային վճար), իսկ եթե ծնվել է մինչեւ 1974թ. հունվարի 1-ը, ապա կուտակային բաղադրիչին կարող է մասնակցել կամավորության սկզբունքով:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ վարձու աշխատողները, քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողները (ծառայություններ մատուցողները), օտարերկրացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում են բազային եկամուտ, եւ որոնք միացած են (կամ պարտավոր էին միանալ) պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչին, եւ որոնց գործատուները օրենքով կամ միջազգային պայմանագրերով ազատված են հարկային գործակալ լինելու պարտավորությունից, պարտավոր են յուրաքանչյուր ամիս ինքնուրույնաբար հաշվարկել եւ վճարել պարտադիր կուտակային վճարները` սույն օրենքով գործատուների համար սահմանված կանոններով: