Երեկ, երբ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանը մերժեց գրավի դիմաց ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարո Եղնուկյանին, նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալն անժամկետ հացադուլ է սկսում. «Եղնուկյանը հացադուլի պատճառի հիմնական չորս կետ է նշում, առաջին, որ նման անհիմն մեղադրանքով իրեն մեղադրանք են առաջադրել, երկրորդ՝ գրավը մերժվեց, երրորդ կետով նա գտնում է, որ իշխանություններն իր նկատմամբ անմարդկային վերաբերմունք են դրսևորում՝ մինչև խոշտանգման հասնող մակարդակի:
Նա սա պարզաբանում է, որ հնարավորություն չընձեռվեց տեսակցել Հայաստանից մեկնող իր զավակաների ու ազգականներին, և չորրորդ՝ Եղնուկյանն ասում է, որ ինքը լինելով ԱՄՆ քաղաքացի իրեն հնարավորություն չտրվեց, որպեսզի ԱՄՆ կառավարության կողմից երաշխավորագիր-նամակը և միջնորդությունը հասնի դատարան։ Նիստը չհետաձգվեց, որպեսզի ԱՄՆ-ի դեսպանատնից համապատասխան երաշխավորագիրը հասնի դատարան»:
Էլմոնե Եղնուկյանը՝ Կարո Եղնուկյանի դուստրը, ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ ճնշման այս ձևը ևս պետք է կիրառվի անկախ արդյունքից. «Ես գտնում, որ դա պայքարի ձև է, ճնշում է, որ պիտի կիրառվի իշխանությունների վրա: Պետք է իրենց ոչ մի օր, ոչ մի վայրկյան դադար չտալ, անընդհատ փշերի վրա պահել: Եվ իսկապես, որ հայրիկիս նշած բոլոր չորս կետերը իրավացի են և արդարացված: Բանտից կամ ԱԱԾ-ի մեկուսարանից շատ քիչ բան է հնարավոր անել, հացադուլը այդ համարձակ քայլերից մեկն է: Հայրիկս ներսից կճնշի, իսկ մենք էլ դրսից ամեն ինչ կանենք, որ դրսի կողմից ապահովենք ճնշումը կամ գոնե համապատասխան մարմինների ուշադրությունը հրավիրենք խնդրին»:
Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218 և 219 հոդվածներով՝ պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար, որով նախատեսվում է 8-15 տարվա ազատազրկում: