Հարց քաղաքացիներից` կարո՞ղ է արդյոք անձը լուծարել անուիտետի պայմանագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ կարո՞ղ է արդյոք անձը լուծարել անուիտետի պայմանագիրը եւ անուիտետի այլ պայմանագիր կնքել մեկ ուրիշ ապահովագրական ընկերության հետ:

Լարիսա Պետրոսյան (41 տարեկան հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, եթե ապահովագրական ընկերությունը թույլ է տվել անուիտետի պայմանագրի խախտումներ: Ապահովագրական ընկերության կողմից երկու անգամ անընդմեջ անուիտետ չվճարելու դեպքում, կենսաթոշակառուն իրավունք ունի իր նախաձեռնությամբ լուծելու անուիտետի պայմանագիրը՝ պահանջելով պատճառված վնասների փոխհատուցում եւ մնացորդային գումարի վերադարձ: Անուիտետի մնացորդային գումարն անձին չի տրամադրվի միանվագ վճարի տեսքով: Նա պարտավոր է անուիտետի պայմանագիր կնքել մեկ այլ ապահովագրական ընկերության հետ, որի հաշվին էլ կփոխանցվի անուիտետի մնացորդային գումարը:
Ապահովագրական ընկերության սնանկության դեպքում անուիտետի հետագա վճարման հարցը կկարգավորվի ապահովագրական ընկերությունների մասին օրենքով: Մասնավորապես, ապահովագրական ընկերության ամբողջ պորտֆելը, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի թույլտվությամբ, կփոխանցվի այլ ապահովագրական ընկերության, որն էլ, համարվելով իրավահաջորդ, կշարունակի վճարել անուիտետ՝ պայմանագրով նախատեսված չափով եւ կարգով:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ապահովագրական ընկերության հետ անուիտետի պայմանագիր կնքելիս դրանում նշվում են անուիտետի տեսակը, մասնակցի՝ կենսաթոշակառուի տարիքը, ապահովագրական ընկերությանը միանվագ փոխանցված գումարի չափը, վճարման ենթակա անուիտետի չափը, ժամկետը եւ վճարման պարբերականությունը, ապահովագրական ընկերության պատասխանատվությունը պայմանագիրը խախտելու համար եւ այլ էական պայմաններ:




Լրահոս