ՏԻՄ ընտրությունները կարող են ճակատագրական դառնալ Շիրակի մարզպետի համար. նա իրեն «քցած» մարդկանց որոշել է պատժել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով Շիրակի մարզում անցկացված ՏԻՄ ընտրություններին, որտեղ ՀՅԴ-ն չհաղթահարեց 5 տոկոսանոց շեմը, եւ այն խոսակցություններին, որ դրա արդյունքում Շիրակի դաշնակցական մարզպետը պաշտոնանկ է արվելու, ասաց.«Մարզպետի դերը ձայն ապահովելը չէ, մենք դրա համար չենք նշանակել մարզպետ, որ ձայն հավաքի: Մենք հայտարարել ենք, որ դժգոհ ենք մեր արդյունքներից: Մյուս կողմից մենք դրական միտում ենք նկատում առ այն, որ մրցակցային են դառում ՏԻՄ ընտրությունները: Հիմա մենք քննություն ենք նշանակել` ՏԻՄ ընտրություններում մեր արդյունքները վերլուծելու համար եւ այդ պատկերի հետ կապված` կկայացնենք մեր որոշումը, որը կվերաբերի ամեն մեկի ունեցած դերին. հաշվետվություն պետք է ներկայացնեն բոլոր օղակները»։

Անկախ ձեւակերպումներից՝ ակնհայտ է, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ Շիրակի մարզի ՏԻՄ ընտրությունները կարող են ճակատագրական դառնալ մարզպետ Հովսեփ Սիմոնյանին համար: Չի բացառվում, որ ՀՅԴ-ն անգամ չսպասի քննության արդյունքներին: Ըստ էության, սպասելու բան էլ չկա, քանի որ Շիրակում 5 տոկոսանոց շեմը չհաղթահարելն արդեն իսկ խոսում է կատարված ու չկատարված աշխատանքների մասին: Սակայն այս ֆոնին ուշագրավ է այն, որ Շիրակի դաշնակցական մարզպետը, ընկալելով իր շուրջ ստեղծված իրավիճակը, իրեն «քցած» մարդկանց որոշել է պատժել:

Գրել էինք, որ հոկտեմբերի 2-ին Արփի գյուղում եւս տեղի են ունեցել գյուղապետի ընտրություններ, որոնց արդյունքում հաղթել է անկուսակցական Մերգել Ղարիբյանը: Արփի գյուղն իր մեջ ներառում է ՀՀ Շիրակի մարզի մի շարք համայնքներ, որոնց մեջ կա Աղվորիկ համայնքը: Վերոնշյալ համայնքի նախկին գյուղապետ Նար Ղարիբջանյանն ու դպրոցի տնօրեն Արմեն Սոլոյանը դաշնակցականներ են, սակայն նրանց հայրենի գյուղում իրենց կուսակիցը զրո ձայն է ստացել, փոխարենը անկուսակցական Մերգել Ղարիբյանը ստացել է 63 քվե: Արդյունքում, մարզպետը Արմեն Սոլոյանին ասել է, որ նա դպրոցի տնօրենի պաշտոնից ազատվելու դիմում պետք է գրի:

-Պարո՛ն Ռուստամյան, մինչ ՀՅԴ գործադիր մարմնում քննություն է ընթանում, Շիրակի մարզում ՏԻՄ ընտրությունների հետ կապված դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը որոշել է պատժել կուսակիցներին, որոնք, հնարավոր է, դառնան իր պաշտոնանկության պատճառը: Ինչպե՞ս եք գնահատում այս փաստը:

-Ես նման տեղեկություն չունեմ եւ չգիտեմ, թե որտեղից են գալիս Ձեր այս հաստատումները:

-Այսինքն՝ Դուք բացառո՞ւմ եք, որ մարզպետը կանցնի «հաշվեհարդարի» մեթոդին:

-Ձեզ պատասխանեցի, Ձեզ իմ պատասխանը չի բավարարում, մի՛ փորձեք ավելին ստանալ, չի լինելու դա: Արդեն ասացի՝ մարզպետի հետ կապված՝ նշանակվել է քննություն:

զրուցեց Քնար Մանուկյանը




Լրահոս