Թուրքիայում քրդերը սպանել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) վերնախավի ներկայացուցիչներից մեկին, գրում է Ermenihaber-ը:
Թուրքական «Doğan» լրատվական գործակալության հրապարակած տեղեկության համաձայն՝ Վանի Օզալփ շրջանի ԱԶԿ շրջանային կառույցի փոխնախագահ Այդըն Մուշթուն նախօրեին սպանվել է իր տան դիմաց հրազենային վնասվածքից: Ըստ աղբյուրի՝ նրա դեմ զինված հարձակում են գործել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները:
Մուշթուի սպանության վերաբերյալ Վանի նահանգապետարանի հրապարակած հայտարարության մեջ ասված է, որ ԱԶԿ շրջանային կառույցի փոխնախագահը սեպտեմբերի 9-ին երեկոյան ժամը 21:00-ի սահմաններում հարձակման է ենթարկվել: Զինյալները նախ փորձել են գրավել նրա մեքենան, իսկ երբ Մուշթուն ընդդիմացել է, նրա վրա կրակ են բացել և սպանել: