Armenian text to speach

Մակրոնին թույլ չեն տվել անցնել Հայաստան-Թուրքիա սահմանով․ Թուրքական մամուլ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական մի շարք լրատվամիջոցներ երեկվանից ակտիվորեն կեղծ արշավ են սկսել և  հրապարակումներ են տարածում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարած այցի և Ծիծեռնակաբերդ հուշահամալիր այցելության վերաբերյալ՝ պնդելով, թե Մակրոնին թույլ չի տրվել օգտագործել Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը։

Թուրքական մամուլում շրջանառվող հրապարակումների համաձայն՝ Ֆրանսիայի նախագահը Հայաստան այցից հետո ցանկացել է Թուրքիա մուտք գործել հայ-թուրքական սահմանով, սակայն, ըստ թուրքական աղբյուրների, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մերժել է այդ դիմումը։ Թուրքական լրատվամիջոցները դա ներկայացնում են որպես «Մակրոնի հակաթուրքական քաղաքականությանը տրված պատասխան»։

Հրապարակումներում նշվում է, թե Մակրոնը «վերջին շրջանում բացահայտ թշնամական դիրքորոշում է որդեգրել Թուրքիայի նկատմամբ», իսկ նրա այցը Ծիծեռնակաբերդ «ավելացրել է Անկարայի դժգոհությունը»։ Թուրքական կողմը հատկապես քննադատում է այն, որ Ֆրանսիայի նախագահը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և իր գրառումներում անդրադարձել 1915 թվականի իրադարձություններին։

Թուրքական մամուլը նաև շեշտում է, որ Մակրոնը «թիրախավորել է Օսմանյան կայսրությունը»՝ խոսելով պատմական հիշողության և զոհերի չմոռացվելու մասին։ Մի շարք հրապարակումներում կրկնվում է նաև թուրքական պաշտոնական թեզը, ըստ որի՝ Հայաստանը պետք է հրաժարվի «ցեղասպանության մասին անհիմն պնդումներից»։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում մասնակցել էր Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք էր մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Անի Վարդանյան




Լրահոս