Հատկապես սահմանադրական փոփոխությունների ընթացում իշխանությունները մշտապես խոսում էին Հայաստանում նոր քաղաքական մշակույթ ձեւավորելու մասին: Տակավին, օրերս էլ Սերժ Սարգսյանը կառավարությունում ունեցած իր ելույթում ասաց, թե մարդիկ ամբողջովին չեն պատկերացնում՝ ինչ ծավալի փոփոխություններ են լինելու մեր իրականությունում՝ նոր Սահմանադրության պայմաններում: Մարդիկ, իհարկե, չեն պատկերացնում, քանի որ հենց երեկվա Վանաձորի եւ Գյումրիի ավագանիների քվեարկությունների արդյունքում վերստին համոզվեցին, որ եթե փոփոխություններ լինեն էլ, ապա դրանք կապ չեն ունենալու սահմանադրության հետ:
Սակայն քաղաքական նոր մտածողության առավել խորքային դրսեւորումներից զատ, ինչին գնալու քաղաքական կամքի լիակատար բացակայությունն այլեւս որեւէ կասկածի տեղիք չի թողնում, ուշագրավ է, որ այս իշխանությունը չի ցանկանում անգամ առավել մակերեսային, տեսանելի հարթությունում նոր քաղաքական մշակույթի բաղադրիչներ ներմուծել:
Կիրակի երեկոյան, օրինակ, ԱՄՆ-ում կայացավ նախագահության թեկնածուներ Հ. Քլինթոնի եւ Դ. Թրամփի երկրորդ հեռուստատեսային բանավեճը: Ինչպես գիտենք, նախագահական դեբատները սովորաբար լրջագույն նշանակություն են ունենում ընտրությունների արդյունքների վրա: Մեզանում, սակայն, հրապարակային քաղաքականության այդ կարեւորագույն բաղադրիչը, իբրեւ այդպիսին, գոություն չունի: Ընդ որում, խոսքը միայն նախագահական դեբատների մասին չէ, որոնք, այդպես էլ ՀՀ 25-ամյա պատմության ընթացքում չկայացան, բացառությամբ մեկ դեպքի՝ 2003թ. նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ Ռ. Քոչարյան-Ս. Դեմիրճյան հեռուստաբանավեճի անհաջող փորձի: Դրանից զատ եւս մեկ հիշարժան բանավեճ եղավ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ այն ժամանակ «թունդ ընդդիմադիր» Արտաշես Գեղամյանի միջեւ, որից ի վեր այլեւս հայ հանրությունն առհավետ մոռացավ երկրի առաջին, երկրորդ եւ, անգամ, հինգերորդ դեմքերով հանրային դեբատների մասին:
Եվ ուշագրավն այն է, որ այսօր ոչ միայն իշխող ՀՀԿ-ի ղեկավար կազմի ներկայացուցիչներն են լրագրողների հրավերներին ի պատասխան ասում՝ մենք բանավեճերին չենք մասնակցում, այլեւ իրենց ընդդիմություն հայտարարած ուժերի ղեկավարները՝ ԲՀԿ, ՕԵԿ (ՀՎԿ), ՀԱԿ, ՔՊ, ԼՀ, Համախմբում եւ այլն: Այս մոտեցումն այլ կերպ, քան վախկոտություն եւ արհամարհանք հանրային կարծիքի հանդեպ՝ դժվար է բնութագրել: Քանզի եթե քաղաքական գործիչը վստահ է իր սկզբունքների, գաղափարների եւ կարողությունների վրա, նա չպետք է որեւէ խնդիր ունենա այդ ամենը ուղիղ եթերում դրսեւորելու ՝ իր քաղաքական ընդդիմախոսի հետ դեմ առ դեմ: Մեզանում, սակայն, թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ներկայացուցիչները նախընտրում են առանձին-առանձին «աքլորանալ», ապա հանրության աչքից թաքուն՝ գնալ՝ միասին ուտել-խմելու: Ահա այպիսին է ՀՀ-ում քաղաքական մշակույթը: