ԱՄՆ-ում մասնակցելով «Հայաստան. ներդրումային համաժողով 2016»-ին՝ Սերժ Սարգսյանը երեկ հանդես է եկել ելույթով: Միջազգային կարեւորագույն դոնոր կառույցների առջեւ ներկայացնելով Հայաստանի ներդրումային դաշտի ներկայիս վիճակը՝ Սարգսյանը թվարկել է իր կարծիքով առավելությունները՝ այդ շարքում ներառելով նաեւ այնպիսի թույլիկ փաստարկներ, ինչպես, օրինակ, նախարարության անվանափոխությունն է. «Մենք վերափոխեցինք մեր էկոնոմիկայի նախարարությունը «Տնտեսական զարգացման եւ ներդրումների» նախարարության, որպեսզի Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող գործարարներն իրենց հարցերը բարձրացնելու եւ պատասխաններ ստանալու քաղաքական հարթակ ունենան»: Տպավորություն է, որ Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցողները հերթ էին կանգնել, պարզապես նրանց խանգարում էր նախարարության անունը:
Սարգսյանը որպես Հայաստանում գործարար միջավայրն առավել արդյունավետ դարձնելու գործիք նշել է նաեւ օրերս ընդունված Հարկային օրենսգիրքը, որն արժանացավ ՀՀ գործարար դաշտի առաջատարների միահամուռ եւ շատ սուր քննադատությանը: Բայց դա, իհարկե, չի խանգարել Սարգսյանին պնդելու, որ «նոր հարկային օրենսգիրքը մի շարք արտոնություններ է տրամադրում գործարարներին եւ ներդրողներին։ Մենք պարզեցրել ենք հարկային մարմինների կողմից իրականացվող գործընթացները՝ այդպիսով հարկային վերահսկողության գործընթացը դարձնելով առավել գործարարամետ»:
Միջազգային ֆինանսական կենտրոններին եւ գործարար շրջանակներին սիրով Հայաստան հրավիրող Սերժ Սարգսյանն, իհարկե, հերթական անգամ ընդգծել է մեր երկրի գիտելիքահենք հասարակությունը, նորագույն տեխնոլոգիաների ոլորտում մեր գրանցած հաջողությունները, վարվող արդյունավետ հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությունը, ինստիտուցիոնալ բարեփոխումների ճանապարհով էլ ավելի անկախ դատական համակարգի եւ դրա արդյունքում՝ ներդրումների առավել պաշտպանվածության հնարավորությունը եւ այլն, եւ այլն:
Եվ լսելով նրա երեկվա ելույթը՝ ակամայից դեժավյուներ են առաջանում, քանի որ իր պաշտոնավարման ընթացքում նա արդեն քանի անգամ է հասցրել նմանօրինակ ելույթներով հանդես գալ ամենատարբեր միջազգային տնտեսական համաժողովներում՝ սկսած Դավոսից, ավարտած Պեկինով: Սակայն ոչ «doind bussines»-ի առումով, իբր, Հայաստանի գրանցած թռիչքաձեւ առաջընթացը, ոչ էլ տարբեր հեղինակավոր վարկանիշային գործակալությունների տված գնահատականները այդպես էլ չնպաստեցին, որպեսզի օտարերկրյա ներդրումները հոսեն Հայաստան: Իսկ դրա պատճառը իրականում շատ պարզ է: Բավական է ընդամենը բացառել «փայ մտնելու» եւ «քցելու»՝ իշխանությունների գործելաոճը, սահմանել հարկային հավասար պայմաններ, եւ Հայաստանն ինքնաբերաբար կդառնա «doind bussinesi» ցուցանիշներով իրապես առաջատար երկրներից մեկը: