«ԵԽԽՎ-ի նախագահից դրական որևէ մեսիջներ պետք չէ սպասել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես  արդեն հայտնել էինք, մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանը: Եվ Ադրբեջանը կրկին վեհաժողովի ամբիոնը օգտագործեց հակահայկական քարոզչության նպատակներով: ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը ամբիոնից Հայաստանը ներկայացրեց որպես լրագրողների նկատմամբ բռնություններ գործադրող և ԶԼՄ ներկայացուցիչների իրավունքները խախտող երկիր:

Մանավորապես՝  Ռաֆայել Հուսեյնովն  երեկ իր ելույթում նշել էր, թե Հայաստանում բոլոր անկախ լրագրողներին սպանում են: Նա որպես օրինակ բերել էր իր բնական մահով մահացած լրագրող Միքայել Դանիելյանին. «Սերժ Սարգսյանի ձեռքերն արյունոտ են»,- ասել էր Հուսեյնովը:

Նրա ակնհայտ սուտ հայտարարությանը հայկական պատվիրակության անդամները բավականին կոշտ արձագանքեցին, ինչի հետևանքով ՀՀ պատգամավորները զրկվեցին խոսելու իրավունքից:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց. «Գիտենք, որ հայկական կողմը փաստացի մի շարք մեղադրանքներով հանդես եկավ, այդ թվում` նաև Ալիևի ընտանիքի հանդեպ, և սա ըստ էության ադրբեջանցիները  փորձում են պատասխանով հանդերձ գալ:

Դա պետք է Ալիևի վարչակազմը չասի, քանի որ նրա վարչակազմն այդ իմաստով կարող է մրցել «թուրքմենբաշի» հետ: Չնայած որ ծիծաղելի են  Ալիևի վարչակազմի շուրթերից  հնչեցված մեղադրանքները»:

Նրա խոսքով՝ ԵԽԽՎ-ի նախագահը բավականին կողմնակալ անձնավորություն է և այդ փաստը հաշվի առնելով, չպետք է  ԵԽԽՎ-ի նախագահից դրական որևէ մեսիջներ սպասել:

Լիդա Եղիազարյան




Լրահոս