Հարց քաղաքացիներից` ինչո՞ւ չեն հետևում, որ տնտեսական ապրանքներն ու սննդամթերքն իրար մոտ չդրվեն, որպեսզի այդ հոտերն իրար չկպչեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ինձ շատ հարմար է շենքի բակում գտնվող փոքրիկ խանութից գնումներ կատարելը: Բայց հաճախ եմ նկատել, որ տնտեսական ապրանքներն ու սննդամթերքն իրար մոտ են դրվում, ու արդյունքում տնտեսական ապրանքների հոտը կպչում է սննդամթերքին: Օրինակ` խաչապուրի գնեցի, եւ դրանից լվացքի փոշու համ ու հոտ էր գալիս: Ինչո՞ւ չեն հետեւում, որ այդ ապրանքներն իրար մոտ չդրվեն, եւ այդ հոտերն իրար չկպչեն:

Նինա Սահակյան, 69 տարեկան, թոշակառու

ՊԱՏԱՍԽԱՆ. Զուտ ֆիզիկապես հնարավոր չէ բոլոր տնտեսվարողներին ստուգել, թե նրանք ապրանքներն ինչպես են դասավորում: Մեր ծառայությունը չունի այդքան աշխատակից, որ կարողանանք ամբողջ հանրապետությունում ստուգումներ իրականացնել: Եթե կա կոնկրետ փաստ եւ կոնկրետ ինչ-որ խանութ, որից քաղաքացին դժգոհում է, ապա կարող է գրավոր բողոք հայտնել, որն էլ մեզ համար կհանդիսանա փաստ, ու մենք կկարողանանք ստուգում անցկացնել: ՀՀ կառավարության որոշում կա, որ մինչեւ 70 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողների մոտ տեսչական ստուգումները միայն վարչապետի գրավոր թույլտվությամբ են իրականացվում: Տրամաբանորեն չի կարելի լվացքի փոշին ուտելիքի հետ դնել ու վաճառել, գոնե պիտի առանձնացված դարակներում վաճառվեն: Բայց ամեն դեպքում, քաղաքացու գրավոր դիմում-բողոքն է պետք, եւ փաստեր են պետք:

ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ակնարկվում է կոնկրետ փաստի մասին, բայց ցանկացած փոքրիկ խանութ մտնելու դեպքում նույն պատկերի ականատեսը կդառնանք: Պարզ է, որ ապրանքի հնարավորինս մեծ տեսականի չունենալու դեպքում սուպերմարկետների մրցակցությանը մի կերպ դիմակայող խանութները կփակվեն: Ուստի ստացվում է, որ առեւտրի ոչ նորմալ տարբերակը նրանց գոյատեւման բացառիկ հնարավորությունն է:

 




Լրահոս