Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւը նախօրեին ռուս լրագրող Դ. Կիսելեւին տված հարցազրույցում, անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին, հայտարարել է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հնարավոր է փոխզիջում, տարածաշրջանը կարող է դառնալ ինքնավար հանրապետություն,- ապա մանրամասնել,- դա ներառում է ԼՂ բնակչության անվտանգության ապահովում, ինքնակառավարում, տարբեր ներդրումային նախագծերի իրականացում Ադրբեջանի կողմից։ Եվ երկու ժողովուրդների խաղաղ համագործակցություն՝ պայմանով, որ ինքնավար ԼՂ-ի սահմաններից դուրս տարածքները կազատագրվեն։ Այսպիսին ենք մենք տեսնում հակամարտության կարգավորումը: Ռուսական քարոզչամեքենայի առանցքային դեմքերից մեկին տրված այդ հարցազրույցը Ադրբեջանի անկախության 25-ամյակի կապակցությամբ էր: Զուգահեռաբար հիշեցնենք, որ ՀՀ եւս վերջերս տոնեց իր անկախության 25-ամյակը, սակայն Սերժ Սարգսյանից ռուսական լրատվամիջոցները նման հարցազրույցներ չվերցրին, փոխարենը օրերս Երեւանում անցկացված ՀԱՊԿ գագաթնաժողովի կապակցությամբ իրենց թույլ տվեցին հեգնախառը որակումներ: Սա՝ ի միջիայլոց:
Վերադառնալով Ղարաբաղի հարցով Ալիեւի արած հայտարարությանը՝ նշենք, որ «Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության» թեզը Ադրբեջանի նախագահի կողմից տեւական ժամանակ է՝ չէր հնչեցվել, եւ այն, որ այդ երկրի ղեկավարը, այն էլ՝ ռուսական թիվ մեկ քարոզչամիջոցով ամրագրում է այն սահմանագիծը, մինչեւ ուր իրենք պատրաստ են գնալ «փոխզիջումների», բավականին ուշագրավ է: Հիշեցնենք, որ անցած օգոստոսի 16-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, թե քանի դեռ Բաքվում չեն հստակեցնում, թե մինչեւ ուր են իրենք պատրաստ գնալ փոխզիջումների, Երեւանում փոխզիջումներից խոսելը պարտվողականություն է: Եվ հիմա Ալիեւը հստակեցնում է, ինչպիսի՞ն է լինելու Երեւանի արձագանքը: Արդյո՞ք սրանից հետո եւս ՀՀ իշխանություններն ամեն առիթով տարբեր ամբիոններից չեն խոսելու փոխզիջումների մասին. սպասենք եւ կտեսնենք:
Մինչ այդ, սակայն, տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական զարգացումները որեւէ լավ բան չեն խոստանում: Մասնավորապես՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ հոկտեմբերի 14-ին արած հայտարարությունը, թե Թուրքիան կարող է դրական դեր խաղալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, մեղմ ասած, մտահոգիչ է: Հիշեցնենք, որ դեռ հուլիսին, Թուրքիայի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ընդգրկվելու մասին էր խոսել նաեւ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան, եւ հիմա Լավրովի այս երկրորդումը ցույց է տալիս, որ այդ ուղղությամբ քննարկումները խորանում են, ինչը, բնականաբար, չի կարող չանհանգստացնել պաշտոնական Երեւանին:
Իհարկե, առայժմ ՀՀ իշխանություններն այս հարցում բավականին կոշտ հակադարձում են Կրեմլին, ինչը, սակայն, չի նշանակում, որ այս ուղղությամբ ճնշումներն առաջիկայում չեն մեծանալու: