Հոկտեմբերի 5-7-ը Երևանում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի` Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի ժողովրդավարական կառավարման քարտուղարության ղեկավարության և ՀՀ կառավարության հետ համատեղ Եվրոպայի խորհրդի Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի աշխատանքային ծրագրի շրջանակներում կազմակերպված «Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի իրագործման ազգային քաղաքականություններ` մարտահրավերներ և հնարավորություններ» Եվրոպայի խորհրդի 18-րդ աշխատաժողովը:
Աշխատաժողովում «Երևանի քաղաքային պլանավորման և զբոսաշրջության զարգացման ոլորտում լանդշաֆտի ինտեգրման» մասին զեկույցով հանդես է եկել Երևանի քաղաքապետարանի «Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրեն, պրոֆեսոր Սիրեկան Օհանյանը, ով հանգամանորեն ներկայացրել է բոլոր այն միջոցառումները, որոնք լանդշաֆտային քաղաքականության համատեքստում իրականացվում և նախատեսվում է իրականացնել Երևան քաղաքի զարգացման տարածական պլանավորման գործընթացում: Վերջինս նշել է այս ուղղությամբ Երևանի և Երևանի քույր քաղաք Լիոնի միջև համագործակցությունը: «Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրենն ընդգծել է լանդշաֆտի դերի կարևորությունը քաղաքային միջավայրի զարգացման ու կայացման գործընթացում, այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումները, որոնք խթան են հանդիսանում նաև քաղաքային զբոսաշրջության զարգացման գործընթացում: