Այսօր լրանում է 2008թ. մարտի 1-ի արյունալի ոճրագործության երրորդ տարելիցը: Ուղիղ երեք տարի առաջ քոչարյանական ռեժիմը հենց այս օրն ընտրեց արյան մեջ խեղդելու համար երկարամյա թմբիրից արթնացած քաղաքացիական զարթոնքի ալիքը: Պատահակա՞ն էր ընտրված գարնան առաջին օրը, թե ոչ` դժվար է ասել: Սակայն փաստն այն է, որ շնորհիվ Ռոբերտ Քոչարյանի` մենք զրկվեցինք անգամ գարնան առաջին օրը մեկս մյուսին շնորհավորելու իրավունքից, քանի որ 2008թ-ի մարտի 1-ից հետո գարնան առաջին օրը նորանկախ Հայաստանի պատմության մեջ պիտի մնա որպես ազգային մեծ ամոթի ու վշտի օր: Վիշտը ժողովրդինն է, ամոթը` իշխանություններինը: Ու թեեւ անցել է երեք տարի, սակայն մենք չենք կարողացել հաղթահարել ո՛չ այդ վիշտը, ո՛չ էլ ամոթը: Եվ դրա գլխավոր պատճառն այն է, որ մինչ օրս որեւէ մեկը պատասխանատվություն չի կրել Երեւանի կենտրոնում տասը մարդու գնդակահարելու համար: Մինչդեռ երեք տարի առաջ այս օրը դեռեւս իրեն երկրի նախագահ համարող Ռոբերտ Քոչարյանը հրապարակավ հայտարարեց, որ իրենց ձեռքի տակ կան հարյուրավոր տեսագրություններ, եւ խոստացավ, որ մարտի 1-ի ողբերգության յուրաքանչյուր րոպեն, յուրաքանչյուր վայրկյանը վերականգնվելու է եւ ներկայացվելու է հանրությանը: Նման բան, իհարկե, տեղի չունեցավ: Ավելին, հետագայում ո՛չ մարտի 1-ի գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը, եւ ո՛չ էլ, առավել եւս, քննչական մարմինները չկարողացան, իսկ ավելի պարզ` չցանկացան բացահայտել այն մարդակերպ տականքների անունները, որոնք գնդակահարել էին սեփական հայրենակիցներին: Ու եթե նրանց հաջողվեց ձգանը քաշող այդ տականքների անունները գաղտնի պահել, ապա ձգանը քաշելու հրաման տվողների անունները ժողովուրդը լավ գիտի ու երբեք չի ներելու: Ինչպես նաեւ չի ներելու Արտավազդ արքայի նման ավերակների վրա թագավորելու եկած ներկա նախագահին, որը խոստացավ քանդել չհասկացվածության պատը, սակայն իր իշխանավարության ամեն մի օրով մի նոր քար դրեց այդ պատին: Եվ այսօր էլ, հակառակ անցյալից դասեր քաղելու մասին իր գեղեցիկ ելույթներին, նա շարունակում է իր նախորդի որդեգրած ազգահալած գործելակերպը: Դրա ամենաթարմ ապացույցը հենց երեկ Երեւանի քաղաքապետարանի դիմացի հրապարակում ոտնատակ արված եւ հայ ոստիկանների կողմից «լրբեր» անվանված տարեց հայ կանայք են: Այն երկիրը, որի ոստիկանը բոլորի աչքի առջեւ մի կտոր հացի համար պայքարող տարեց կնոջը կարող է «լիրբ» անվանել ու հրելով կոտրել ոտքը, այդ երկրում իշխանությունների ու ժողովրդի միջեւ ոչ թե պատ է, այլեւ չհասկացվածության պարիսպ: Ռեժիմը վաղ թե ուշ անպայման խորտակվելու է: Գարունը սկսվում է:
ԳԱՐՈՒՆԸ ՄԻԵՎՆՈՒՅՆ Է ՍԿՍՎԵԼՈՒ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ