«Ո՛չ գովել ենք, ո՛չ քննադատել». ինչու ընդդիմադիր կուսակցությունը գովասանքի արժանացրեց Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ ՀՀ նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը հայտնել էր, որ «Համախմբումը» առանց ձեւականությունների գործելու է ընդդիմադիր դաշտում: Սակայն տարօրինակն այն է, որ իրեն ընդդիմադիր հայտարարած կուսակցությունը գովասանքի արժանացրեց նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրը եւ նկատենք նաեւ, որ չմասնակցեց քվեարկությանը՝ այդպիսով, փաստորեն, որեւէ կերպ չխոչընդոտելով Սերժ Սարգսյանի թեկնածուն համարվող Կարեն Կարապետյանի ներկայացրած ծրագրի հաստատմանը:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը, անդրադառնալով կուսակցության նման վարքագծին՝ ասաց.«էլինար Վարդանյանի ելույթը «Համախմբում» կուսակցության հավաքական տեսակետն է եղել, այնտեղ գնահատականի խնդիր չի եղել: Այնտեղ մենք շարադրել ենք մեր մոտեցումը երկրի առաջ ծառացած խնդիրներին եւ դրանց լուծման ուղիները, որոնք տարբերվում են այսօրվա կառավարության ներկայացրած ծրագրից: Մենք ոչ թե խոսել ենք Կարեն Կարապետյանի ծրագրի մասին, այլ այդ ելույթով ասել ենք, թե ինչ է պետք, ներկայացրել ենք մեր պատկերացումները, սա է եղել: Ո՛չ գովել ենք, ո՛չ քննադատել»:

Մեր դիտարկմանը, թե «Համախմբումը» ոչ միայն չքննադատեց նոր կառավարությանը, այլեւ չքվեարկեց ներկայացված ծրագրին՝ այդպիսով ցույց տալով, որ դեմ չէ, միթե սա է ընդդիմադիր կուսակցության մոտեցումը, Ստեփան Մարգարյանը արձագանքեց.«Մենք, անկեղծ ասած, երկար քննարկում էինք՝ ոնց անենք, կառավարությունը ներկայացրել էր ծրագիր, որտեղ ինչ-որ ձեւով ամփոփված էին երկրի առջեւ ծառացած այսօրվա վատ երեւույթները: Մենք անկեղծ ուզում ենք, որ ինչ-որ բան կարողանա կառավարությունը հաջողի, քանի որ երկիրը, բնականաբար, ահավոր ճգնաժամի մեջ է, եւ կխորանա տնտեսության վատ վիճակը: Ծրագիրը, ինչպես անընդհատ հայտարարվեց, ներկայացրել է իշխանական մեծամասնությունը, իրենք անընդհատ ասում էին, որ դա իրենց ընդհանուր ծրագիրն է, այդ դեպքում, բնականաբար, մեր կողմ քվեարկելը բացառվում էր: Իսկ դեմ չենք քվեարկել նրա համար, որ մենք չենք ուզում խանգարել: Կարեն Կարապետյանը ներկայացնում է, որ ինքը ուզում է անել: Խնդրեմ՝ գնացեք, արեք, մենք չենք քվեարկում՝ որեւէ պատասխանատվություն վերցնելով մեզ վրա, մենք որոշել ենք հետեւել, թե ոնց է գնում ընթացքը»:

Քնար Մանուկյան




Լրահոս