«ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի որոշմամբ՝ հոկտեմբերի 18-ին աշխատանքից ազատվել է Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի 27 տարվա տնօրեն Լյովա Բարոյանը, ում փոխարեն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել կրթության ազգային ինստիտուտի գլխավոր մասնագետ, դաշնակցական Ռուդիկ Վարդանյանը: Այլեւս նախկին տնօրեն Լյովա Բարոյանը «ժողովուրդի» հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը՝ պնդելով, որ իրեն տնօրենի պաշտոնից ազատելն ու նոր տնօրեն նշանակելը քաղաքական խնդիր է. «Նախ իմ պայմանագրի ժամկետն էր վերջացել, որը 5 տարով էր, բայց ես դեռ 2,5 տարի կարող էի աշխատել: Առաջիկայում մրցույթ պետք է հայտարարվի, բայց հարցը նա է, թե ինչու հարմար գտան ուրիշ պաշտոնակատար բերեն, նշանակեն, ամբողջ հարցը հենց դրանում է»:
Հարցին, թե արդյոք սա քաղաքական որոշում է, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես էդպես եմ կարծում: 27 տարի տնօրեն եղած ժամանակի իմ արդյունքները միշտ գոհացնող են եղել, իմ դպրոցը լավագույնների մեջ է եղել հանրապետությունում: Կարող էին նաեւ տնօրենին թողնել պաշտոնակատար, ով ուզում էր, թող գար ու մասնակցեր մրցույթին, թող փոխտնօրենին պաշտոնակատար նշանակեին, ես էլ, դրսից եկողն էլ մրցույթի մասնակցեինք»,-ասաց նա՝ նշելով, որ ստեղծված իրավիճակը վիրավորական է իր համար. «Այդքան տարի աշխատելուց հետո նախարարությունը չի բարեհաճում գոնե տնօրենին կանչի, հետը երկու բառ խոսա:
Զանգով ասում են՝ էս ինչ օրը էս ինչ մարդը գալիս ա ձեր մոտ պաշտոնակատար: Դա ի՞նչ վերաբերմունք է, դա կրթությունից կիլոմետրերով հեռու մարդու վերաբերմունք է: Ես այդքանը կասեմ»,- նշելով, որ այս ամենի ետեւում միայն նախարարն է կանգնած, ով էլ այս կերպ փորձում է դաշնակցության դիրքերն ամրապնդել
Վանաձորում: Դպրոցի տնօրենի մրցույթը կայանալու է առաջիկա ամիսներին:
Նախկին տնօրենը, ով ներկայումս դպրոցում աշխատում է որպես մաթեմատիկայի ուսուցիչ, մեկ անգամ եւս արտահայտեց իր վիրավորանքն ու զարմանքը, քանի որ իրեն այդ մասին միայն զանգով են տեղեկացրել. «Եթե ոչ ինքը՝ նախարարը, ապա գոնե իր տեղակալը ինչ-որ վարչության պետի հանձնարարեր, ինձ կանչեին, հետս երկու բառ զրուցեին: Բա կրթությամբ անհանգստացած մարդը նման բան կանի՞»,-նկատեց նա: Նկատենք, որ տնօրենի փոփոխությանը դեմ են արտահայտվել դպրոցի ուսուցիչները, ովքեր նամակ են ուղարկել նախարարին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչու է ազատվել դպրոցի տնօրենը:
Էդվարդ Արզումանյան
Վանաձոր