Հարց քաղաքացիներից` գիտական աստիճան ունեցող թոշակային տարիքի անձանց հավելավճար տրվո՞ւմ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ողջ կյանքս գիտական գործունեություն եմ ծավալել, շուտով իմ թոշակի անցնելու ժամանակն է, եւ ուզում եմ իմանալ` տրվում է արդյոք հավելավճար գիտական աստիճան ունեցող թոշակային տարիքի անձանց:

Հայկարամ Մանուկյան, 62 տարեկան, պատմաբան

ՊԱՏԱՍԽԱՆ. Գիտական աստիճանի համար հավելավճար թոշակային տարիքի անձանց տրվում է այն դեպքում, երբ նրանք ընդգրկված են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ծրագրերում եւ թեմաներում («Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդված 19, կետ 3, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 8-ի համար 2-Ն որոշում):

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեր խմբագրությանը դիմած Հայկարամ Մանուկյանի համար թերեւս պարզ կդառնա` ինքը կարող է հավելավճար ստանալ, թե ոչ: Ամեն դեպքում, դժվար չէ ենթադրել, որ խոսքն ընդամենը մի քանի հազար դրամի մասին է: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի պարզաբանումից հասկանալի է դառնում նաեւ, որ թոշակից բացի, հավելավճար տրամադրվում է ոչ բոլորին: Այստեղ արժե հիշել, որ գիտության զարգացումը գործադիրը պարբերաբար գերակա ճյուղ է հայտարարում, թեեւ, ինչպես երեւում է, գործնական քայլեր այս ուղղությամբ չեն արվում: Անշուշտ ցանկալի կլիներ, որ թոշակից բացի, հավելյալ գումար ստանային գիտական աստիճան ունեցող մեր բոլոր հայրենակիցները: Ընդ որում, գիտությունների թեկնածուին վճարվեր մի գումար, դոկտորին` այլ, իսկ ակադեմիկոսներին` ավելի բարձր: Ու եթե վճարաչափերն էլ լինեին համեմատաբար բարձր, ապա կարելի կլիներ գիտության հանդեպ գործադիրի ունեցած որոշակի վերաբերմունքի մասին խոսել:

 




Լրահոս