ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ե՞րբ է կուտակային բաղադրիչի մասնակիցը ձեռք բերում կուտակային կենսաթոշակ ստանալու իրավունք, եւ ո՞ւմ պետք է դիմի նա կուտակային կենսաթոշակ ստանալու համար:
Հռիփսիմե Հարությունյան (32 տարեկան, տնտեսագետ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ մասնակիցը կուտակային կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք է բերում, եթե՝
1) Լրացել է մասնակցի կենսաթոշակային տարիքը,
2)Լրացել է մասնակցի 55 տարին, եւ նրա կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ֆոնդերի փայերի ընդհանուր հաշվարկային արժեքը բավարար է հիմնական կենսաթոշակի 5-ապատիկից ոչ պակաս չափով ցմահ անուիտետ գնելու համար:
Կուտակային կենսաթոշակը ստանալու համար անձը պետք է դիմի մասնակիցների ռեեստրը վարողին՝ պարզելու համար իր անհատական հաշվում առկա պարտադիր կուտակային միջոցների չափը եւ, ըստ այդմ, ընտրելու կենսաթոշակի ստացման ձեւը՝ միանվագ վճար, անուիտետ, ծրագրային վճար:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ կուտակային վճար կատարելու պարտականությունը պահպանվում է մինչեւ կենսաթոշակային տարիքի լրանալը: Եթե կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո մասնակիցը շարունակում է աշխատել, ապա նա ազատվում է պարտադիր կուտակային վճար կատարելու պարտականությունից, սակայն նա իր կամքով կարող է շարունակել մասնակցել պարտադիր կուտակային բաղադրիչին: