Ինչպես արդեն տեղեկացրել էինք, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հայտնել էր, որ իր վստահորդ Սարո Այվազյանը, ով մեղադրվում է «Սասնա ծռերին» աջակցելու մեջ, գրավի դիմաց ազատ կարձակվի, սակայն ազատ արձակման որոշումը կա, գումար՝ չկա:
ArmLur.am-ի հետ զրույցում Այզվազյանի որդին՝ Ռազմիկը նշեց, որ իրենք գտնվում են սոցիալապես ծանր վիճակում. «Հայրս տան միակ աշխատողն է, նրա ստացածի դիմաց կարողանում էինք վճարել տան վարձը, իսկ հիմա կանգնել ենք դրսում մնալու վտանգի առաջ»:
Տղայի խոսքերով` հայրը ազատամարտիկ է, միայն մեկ անգամ հեռախոսազրույց է ունեցել ներսում գտնվող իր մարտական ընկերոջ` Արոյի հետ, սակայն աջակցելու մասին խոսք լինել չի կարող. «Հայրս Արոյի հետ մասնակցել է նաև քառօրյա պատերազմին, հնարավոր է, որ ընկերոջից փորձել է տեղեկանալ առողջական վիճակի մասին, միայն մեկ անգամ է գնացել Խորենացիու փողոց, որից հետո տուն էլ չի հասել, փողոցում բերման են ենթարկել ու կալանավորել»:
Հոր գրավի դիմաց ազատ արձակվելու լուրը նրանց շատ է ոգևորել, սակայն միջոցներ չունեն գրավը վճարելու:
Ռազմիկը նշում է, որ հաշվեհամար են բացելու և հավաքած գումարը տրամադրվելու է իրենց հայրիկի ազատ արձակմանը. «Պատերազմի տարիներին հայրս իր ներդրումն է ունեցել երկրի պաշտպանության հարցում, 53 տարեկան է, երկու անգամ կանտուզիա է տարել: Բանտը նրա տեղը չէ»:
Լիլիթ Շաբոյան