«X Factor», «Պրեմիերա» նախագծերից հանրությանը հայտնի դարձած երգիչ, երգահան Արթուր Ալեքն իր ողջ ուժերը կենտրոնացրել է հայաստանցի ու ամերիկաբնակ հայ արտիստներից ոմանց համար նոր երգերի ստեղծման վրա: Վերջերս, օրինակ, տեղի ունեցավ Սրբուհի Սարգսյանի «Եթե կարող ես» երգի պրեմիերան, որի հեղինակներից մեկն էլ Արթուրն է: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ իր համար էլ է երգեր գրում եւ հուսով է, որ դրանք շուտով կկարողանա հանձնել հանդիսատեսի դատին:
«Որպես երգահան համաշխարհային շուկա դուրս գալու նպատակ ունեմ: Գուցե անունս շատ չեք լսում, բայց ես ինտենսիվորեն աշխատում եմ այդ ուղղությամբ: Արդեն արտասահմանցիների կողմից իմ արվեստի նկատմամբ հետաքրքրություն եմ նկատում, ինչն ինձ անչափ ուրախացնում է: Իհարկե, ես երբեք չեմ թողնի երգելը, ուզում եմ որպես երգիչ էլ ինքս ինձ ռեալիզացնել դաշտում, բայց որպես երգահան գործունեությունս խորացնելու տեսլականն այս պահին ավելի ռեալ է»,-մեկնաբանեց նա:
Հարցին, թե արդյոք Հայաստանում այդ նպատակներն ի կատար ածելու համար կա համապատասխան միջավայր, երգահանը պատասխանեց. «Միջավայրն ինքս եմ ստեղծում, գտնում եմ մարդկանց, որոնց հետ հետաքրքիր է աշխատել: Հայաստանից, օրինակ, համագործակցում եմ DJ Սերժոյի հետ, ԱՄՆ-ից` Լազարոյի: Իսկ այստեղ ունեցած դժվարությունները դրսի դժվարությունների չնչին մասն են կազմում: Եթե պետք է անվերջ դժգոհենք, ավելի լավ է` առաջ շարժվելու մասին չմտածենք»:
Արթուրը համաձայնեց մեր այն դիտարկմանը, որ հայ երգիչ-երգչուհիներին պակասում են պրոֆեսիոնալ, որոշակի դպրոց անցած պրոդյուսերները. «Ամեն դեպքում կան կադրեր, որոնք փորձում են աշխատել, այսինքն` պրոցես կա: Գիտեք` պրոդյուսերի համար էլ է շատ դժվար գործել սահմանափակ դաշտում, որտեղ «պտտվելու» տեղը քիչ է»,-նկատեց նա:
Մենք հարցրինք Արթուրի կարծիքը` ինչն է պատճառը, որ մեր երգարվեստում անհատականություններն աստիճանաբար պակասում են. «Եթե հեռուստատեսությամբ ցուցադրվող երգիչ-երգչուհիներին նայենք, ապա անհատականության մասին խոսելը ծիծաղելի է. «տոննայով» հարսի շորի մասին երգեր են գրվում: Բայց եթե իջնենք, այսպես ասած, ընդհատակ, այնտեղ շատ հետաքրքիր կատարողների կհանդիպենք»,-ասաց նա:
Վերջում հետաքրքրվեցինք` արդյոք Արթուրին էլի կտեսնենք երաժշտական նախագծերում. «Բոլորովին նման ցանկություն չունեմ, ինձ կարող են գրավել միայն ոչ մրցութային նախագծերը»,-եզրափակեց նա:
Աննա Բաբաջանյան